Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է կիրառել շանտաժի մարտավարություն արդեն իսկ ԱՄՆ-ի նկատմամբ. քաղաքագետ


Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգմամբ կամ չեղարկմամբ պաշտոնական Բաքուն «կարծես թե փորձում է կիրառել շանտաժի մարտավարություն արդեն իսկ Միացյալ Նահանգների նկատմամբ»: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում այս մասին ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:

Քաղաքագետի տեղեկություններով՝ Ադրբեջանը դժգոհ է «Միացյալ Նահանգների դիվանագետներից մեկի հայտարարություններով, որոնք արվել են միջազգային կառույցներից մեկով, և այդ հայտարարությունից հետո, մեծ հաշվով, ինչ-որ պահանջներ է ներկայացրել ամերիկյան կողմին և հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում պլանավորված այդ հանդիպմանը»:

«Սա բավականին մտահոգիչ զարգացում է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է Ադրբեջանի վերջին շրջանի պահելաձևին, որը փորձում է սեփական պատկերացումները պարտադրել այդ թվում նաև միջնորդներին», - ընդգծեց Գրիգորյանը:

«Եթե Երևանում նախկինում կար ընկալում, որ Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, իր կշռով և ընդհանրապես քաղաքական հզորությամբ կարող է Ադրբեջանին պարտադրել որոշ որոշումներ, բայց Ալիևը ցույց է տալիս, որ նույնիսկ այդպիսի հզոր խաղացողի հետ, ինչպիսին է Վաշինգտոնը, փորձում է խոսել այ այդպիսի շանտաժի լեզվով», - ասաց քաղաքագետը:

«Իհարկե, տեսանք հայտարարություններ այն մասին, որ տեխնիկական պատճառներով է հետաձգվել հանդիպումը, և այլ բացատրություններ, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ հենց խնդիրը այն էր, որ Ադրբեջանը դժգոհ էր Միացյալ Նահանգների դիվանագետներից մեկի կողմից կատարված հայտարարություններով», - ընդգծեց Գրիգորյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հայտնելով, որ ամերիկացի դիվանագետի հայտարարությունը «ավելի կոնկրետ վերաբերում էր Լաչինի միջանցքին և Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջին»:

«Մեծ հաշվով, կարելի է ասել, որ նեյտրալ հայտարարություն էր, որովհետև միջազգային կոնսենսուս կա, որ Լաչինի միջանցքը արգելափակված է և այն պետք է բացվի, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է փոփոխել նաև միջազգային այդ ընկալումները և սեփական մոտեցումները պարտադրել միջազգային հանրությանը նաև այս հարցում», - նշեց քաղաքագետը:

«Լավատեսությունը անհիմն է»

Տիգրան Գրիգորյանը նաև կարծիք հայտնեց, որ «լավատեսությունը բանակցությունների հետ կապված անհիմն է»:

«Տեսնում ենք, որ հնչում են տարբեր տեսակի հայտարարություններ՝ և՛ միջնորդների, և՛ երկրի իշխանությունների կողմից, բայց պարզ չէ, թե այն առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները, որոնք դեռևս գոյություն ունեն, ինչպես պետք է լուծվեն», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջերս Բրյուսելում հնարավորություն է ունեցել շփվել Եվրամիության համապատասխան մարմինների հետ, որոնք զբաղվում են հարցով, «և այնտեղ ևս կարծես թե կա ընկալում, որ բարդ է լինելու մինչև տարեվերջ հասնել ինչ-որ համաձայնագրի ստորագրմանը»:

Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ տարի էլ խոսվում էր այն մասին, որ մինչև տարվա վերջ պետք է ստորագրվի փաստաթուղթ, բայց այդպես էլ չստորագրվեց:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 11-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG