Մատչելիության հղումներ

ՄԹ-ն հետաքրքրված է տարբեր ուղղություններով ՀՀ-ի հետ կապերի ընդլայնմամբ․ Դոքերթի


Երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:

Փաշինյանը կարևորել է Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը:

Ըստ Փաշինյանի գրասենյակի՝ Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:

Փաշինյանն ու Դոքերթին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը:

Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Դոքերթին Հայաստան է ժամանել երեկ, հանդիպել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG