Արցախից հայտարարում են, որ Հայաստանի վարչապետն անտեսել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը՝ պատրաստ լինելով ճանաչել այն Ադրբեջանի կազմում։
Խորհրդարանում արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, մասնավորապես, ասաց. - «Այսօր Հայաստանի վարչապետը, անտեսելով ու զրոյացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռակագիրը, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քառակուսի մետր տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»։
«Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին խոսք կարող է լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ», - հարցրեց Թովմասյանը։
Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։ Միաժամանակ, սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։
Արցախի խորհրդարանի խոսնակը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի՝ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել արցախահայության իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու անշեղ և վճռական կամքին։
«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք», - ասաց նա դիմելով պատգամավորներին։
Այս պահին Արցախի խորհրդարանում ներկայացվում է հայտարարության տեքստը։