Ի պաշտպանություն արդեն հինգ ամիս շրջափակված Արցախի՝ մի խումբ քաղաքացիներ այսօր հանրահավաք էին կազմակերպել Արցախի սահմանին գտնվող Կոռնիձորում։
«Մենք պարտավոր ենք լինել Արցախի հետ ամեն օր, ամեն ժամ», - հայտարարեցին նրանք։
Հանրահավաքը նախաձեռնած «Կամավորական շարժում» կազմակերպության երթին մասնակցում էին ընդդիմադիր տարբեր գործիչներ։ Հավաքի մասնակիցները Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհով քայլեցին դեպի սահման և ելույթներ ունեցան հայկական և ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Այս հատվածում է գտնվում Ադրբեջանի կողմից մեկ ամիս առաջ Լաչինի միջանցքի սկբնամասում տեղադրված անցակետը։ Դրա նպատակներից խոսեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Թշնամին այսօր ցույց է տալիս իր գլխավոր հարվածի ուղղությունն՝ այս անցակետը դնելով։ Նա մեզ ուզում է բաժանել, որովհետև գիտի՝ բաժանելով կարելի է տիրել այս ժողովրդին», - նշեց նա։
«Այս ճանապարհը նորից բացվելու է, մենք եկել ենք՝ դրա համար խաղաղ այսօր ասենք, խաղաղ բացեք այս ճանապարհը, չբացեք, ուժով ենք բացելու, ոնց որ բացել ենք 31 տարի առաջ», - ասաց հավաքի մասնակիցներից ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը՝ չհստակեցնելով, թե ինչպես է հնարավոր ուժով բացել Արցախ տանող ճանապարհը։
Նա, սակայն, խոսեց հայ-ադրբեջանական բանակցություններից՝ հայտարարելով, որ սկսում են գործընթաց, որը թույլ չի տա իշխանություններին ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. - «Մենք այսօր գնալու ենք նրան, որ քրեականացնենք Հայաստանի անունից Արցախը հանձնելու ցանկացած փորձ։ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն, ոչ նաև սրանք, իրավունք չի ունենալու Հայաստանի Հանրապետության անունից Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Մենք դա օրենքով քրեականացնելու ենք»։
Ելույթ ունեցողներից մեկն էլ դիմեց ադրբեջանցիներին. - «Այո, այսօր ինչ-ինչ պատճառներով դուք հաղթած կողմում եք կանգնած, բայց վստահեցնում եմ, որ դա ժամանակավոր է լինելու, դա ժամանակավոր է լինելու, դուք մեր Շուշին ու Հադրութը չեք վայելելու, դուք մեր հայրենիքը չեք վայելելու։ Մենք Արցախի կողքին ենք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Կոռնիձորում կազմակերպված հավաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչներ։ Ռուբեն Պարսամյանը, որ Վանաձորից էր եկել, շեշտեց. - «Եկել եմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու այն անարդարության {դեմ}, որ փորձում են փաթաթել մեր ժողովրդի վզին։ Փորձում են համոզել մեզ, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։ Դա անհեթեթություն է, Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող ապագա ունենալ։ Դա պատմական փորձն է ապացուցել»։
Գեղարքունիքի մարզի Գավառից եկած Նորիկ Գևորգյանն էլ վստահ է, որ Արցախի վերաբերյալ Փաշինյանի ստորագրած ցանկացած փաստաթուղթ պետք է չեղյալ համարվի, քանի որ այն ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում հանրաքվեի չի դրվել։
«Մենք այսօր պետք է հանդիսանանք Ղարաբաղի համար երաշխավոր, ինչպես Ղարաբաղն է մեզ երաշխավոր միշտ՝ բոլոր պատերազմների ժամանակ առաջին հարվածը իրենք են ընդունել իրենց վրա։ Հիմա ժամանակն է, որ մենք իրենց օգնենք և վստահություն ներշնչենք, որ այդ ժողովուրդը չկոտրվի», - ասաց քաղաքացին։
Արցախին աջակցություն հայտնելով՝ հավաքի մասնակիցները որպես առկա խնդիրների հիմնական լուծում համարում էին գործող իշխանությունների հեռացումն ու համախմբումը։
«Մենք այսօր այստեղ ենք կանգնած, կարող է մի երկու օրից հետո թուրքը գա, այստեղ կանգնի, ու ես չեմ էլ կասկածում, եթե այսպես շարունակվի։ Միավորվել, միավորվել, մենք մի անգամ դա արել ենք, այդտեղ բարդ մաթեմատիկա չկա», - նկատեց այլ քաղաքացի։
Կոռնիձորի հավաքին զուգահեռ այսօր Արցախում մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի զինվորական պանթեոնից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհ, որը էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների հեռանալուց հետո փակ է ադրբեջանական ուժայինների կողմից։