Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներում հերքում է Լաչինի միջանցքի մասին «հայկական լոբբիի» հաղորդումները


Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդով, արխիվ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հանդիպումներում պնդել է, թե հայկական լոբբին ստահոդ տեղեկություններ է տարածում Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին:

«Հանդիպումների ընթացքում հայտարարվել է, որ Լաչինի սահմանային անցակետի ստեղծման հետ կապված ԱՄՆ-ում գործող հայկական ծայրահեղական կազմակերպությունները Կոնգրեսի անդամներին տրամադրում են իրականությանը չհամապատասխանող և չհիմնավորված տեղեկություններ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրությունում:

Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան նաև պնդել է, թե «Կոնգրեսի անդամների կողմից միակողմանի բանաձևերը չեն ծառայում Միացյալ Նահանգների ազգային շահերին և, բացի երկրների հարաբերություններից, վնասում են հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները»։

Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա այդ ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետերի տեղադրումը դատապարտել է նաև պաշտոնական Վաշինգտոնը։ Դեռ ամիսներ առաջ էլ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի վերջին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ:

XS
SM
MD
LG