Մատչելիության հղումներ

Ըստ պատգամավորի, վարչապետն իշխող ուժի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Բրյուսելյան բանակցություններից մեկ շաբաթ անց վարչապետն այսօր խորհրդարանում հանդիպեց իշխող ուժի հետ։ Գրեթե 2 ժամ տևած քննարկումից հետո հանդիպման վերաբերյալ լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Գաբրիելյանը չհստակեցնելով, ասաց, թե այնպիսի հարցեր են քննարկել, որոնց մասին նաև հանրությունն է տեղյակ։

«Ես ոչինչ չեմ կարող ասել և կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունն էլ երբեմն չի լինում: Մի բան կարող եմ ասել, որ այն, ինչ մեր հանրությունը լսում է հրապարակային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, գրեթե նույնաբովանդակ, գուցե տարբերությունը միայն այն է, որ ինչի մասին, որ իմացել ենք, նախ, որևէ արտառոց նորություն չկա, որը տարբերվում է հրապարակայինից», - նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ իշխանական պատգամավորի՝ այսօրվա հանդիպումը հերթականն էր, իշխող ուժի անդամները, նրա փոխանցմամբ, այս ձևաչափով պարբերաբար հանդիպում են և այսօրվանի առիթն ամենևին էլ անցած կիրակի Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը չէր։

Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է համարում կիրակի օրը Բրյուսելում Երևանի ու Բաքվի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածությունը։ Երեկ նաև կառավարության նիստում վերահաստատեց՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ Սա խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը։ Իշխանական պատգամավորից հարցրինք՝ արդյոք իշխող ուժի ներկայացուցիչները Փաշինյանից հետաքրքրվել են՝ ինքը հաստատո՞ւմ է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

«Կարող եմ ասել, որ մոտ 2 ժամ տևեց, այդ 2 ժամվա ընթացքում, գրեթե բոլոր ասպեկտները հարցի քննարկվել են», - պատասխանեց նա:

Երևանը Փաշինյան - Ալիև - Միշել բանակցություններից հետո դեռ հրապարակավ ուղիղ չի հաստատել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Իշխանական պատգամավոր կարծիքով՝ այս հարցին վարչապետը հաջորդ շաբաթ Ազգային ժողովում սպասվող խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանին կանդրադառնա. - «Կարծում եմ՝ նաև առաջիկա հարցուպատասխանի ընթացքում էդ հարցադրումը, որը տալիս եք, կհնչի և կլինի նաև պատասխան»:

Իշխանությունը, այլևս չբարձրաձայնելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, վերջին շրջանում խոսում է միջազգային երաշխիքների ներքո Բաքու ու Ստեփանակերտ մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին։ Մինչդեռ ադրբեջանական կողմը, այդ թվում՝ բրյուսելյան հանդիպումից հետո հրապարակավ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը իր սեփական գործն է համարում։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը քննադատում են Հայաստանի և Արցախի շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն ու Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը։

Երեկ քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն էին տարածել՝ պնդելով՝ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և լիազորություն չունի ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Այս պնդումներին իշխող ուժից արձագանքելով, հայտնել էին, թե երբ պատրաստ կլինի ստորագրման ենթակա փաստաթուղթը, այն կունենա նաև սահմանադրական մարմինների եզրակացությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG