Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ չբացառելով, որ իրավիճակով պայմանավորված հարցը էլի կարող է մտնել օրակարգ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր «Նովայա Գազետա-Եվրոպա»-ին ասել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով քննարկումներ են եղել։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ հարցն, ամենայն հավանականությամբ, ԱԽ-ում է քննարկվել՝ անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման օրերին։
Այդ ժամանակ կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, ինչպես վարչապետ Փաշինյանն էր հայտարարել՝ ակնկալելով այդ թվում՝ ռազմական օգնություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումն ապահովելու համար:
Այդ օգնությունը չստացվեց, ՀԱՊԿ-ը միայն դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն հայտնեց. ուստի ինչո՞ւ Հայաստանը դուրս չեկավ Ռուսաստանի առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքից: Ավելի քան 8 ամիս անց Արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարում է՝ դեռևս հույս կա, որ Հայաստանի քայլերը արդյունք կտան։ Այդ ընթացքում Երևանը շարունակում է ՀԱՊԿ-ից սպասել ադրբեջանական ագրեսիային վերաբերող քաղաքական գնահատական։
«Այո, իրավիճակը բարդ է, և մենք լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, մեր աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների: Դեռևս այդ հույսը կա: Կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, և աշխատանքները շարունակվում են: Շուտով կլինեն նաև քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հայտարարության հետ կապված, որի մասին կտեղեկացնենք», - ասաց փոխարտգործնախարարը:
Նոյեմբերին դաշինքի երևանյան գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը չստորագրեց Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու միջոցառումների մասին փաստաթուղթը՝ հենց քաղաքական գնահատականի բացակայության պատճառով։
ՀԱՊԿ-ի այլընտրանքը ո՞րն է, փոխնախարարը կոնկրետ պատասխան չտվեց։ Սաֆարյանը նաև չհստակեցրեց՝ ՀԱՊԿ-ի առաջարկած փաթեթը արդյոք սպառազինություն ու զորք է ենթադրել։ Բայց հաստատեց ԱԽ քարտուղարի նույն հարցազրույցում արած մեկ այլ պնդում՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել հարյուր միլիոնավոր դոլարների մի քանի պայմանագրերով գնած սպառազինությունը։ Բայց թե ի՞նչ պատճառաբանությամբ Ռուսաստանը չի մատակարարում, ձեռնպահ մնաց ասել, միայն հայտարարեց, թե փորձում են շարունակել աշխատանքները. - «Մուծումը կատարվել է, չի հասել»:
«Անվտանգային այն մեխանիզմները, որոնք կային և որոնք իբրև պիտի մեզ պաշտպանեին, դրանք հիմա չեն աշխատում, և Հայաստանը փորձում է անվտանգության նոր երաշխիքներ գտնել, անվտանգության երաշխիքների փնտրտուքի մեջ է», - նշել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը և՛ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, և՛ մի քանի շաբաթ առաջ Հանրայինի եթերում անվտանգության նոր մեխանիզմների փնտրտուքից էր խոսել, ո՞ր երկրների հետ են բանակցությունները, փոխնախարարը խորհուրդ էր տալիս հենց ԱԽ քարտուղարից ճշտել. - «Չունենալով նորը, նոր անվտանգային համակարգ, փորձում են քայքայել, քանդել այն, ինչ որ գոյություն ունի»:
«Եթե որևէ քայլ արված չէ, դրա մասին չի կարելի հայտարարել»,- կարծում է ԱԺ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումների մասին՝ իշխանության հայտարարություններին։
«Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ որ դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք, բացարեք ինչի եք դուրս գալիս, կամ էլ մնացեq ՀԱՊԿ-ում և օգտագործեք բոլոր ամենանվազագույն հնարավորությունները, որ ՀԱՊԿ-ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր, և դրանից բխում են բոլոր սպառնալիքները և վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են», - ընդգծեց Ռուստամյանը: