Մատչելիության հղումներ

Երևանն ընդգծում է՝ երկաթուղին պետք է գործի միայն Հայաստանի օրենսդրությամբ


Երկաթուղին պետք է գործի Հայաստանի օրենսդրությամբ, շահագործման հարցում գործնական քայլերի հնարավոր կլինի անցնել միայն բոլոր երաշխիքներից հետո, բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարում են Երևանից։ Չնայած Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը, թե կողմերի դիրքորոշումները շատ են մոտեցել, շինարարության մասին խոսելը դեռ վաղ է, այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Ժամկետները պետք է պարզել, դա մեր կարմիր գծերից մեկն է, խոսքը գնում է երկաթուղու մասին, պետք է գործի միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավասության տակ: Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին», - ընդգծեց փոխարտգործնախարարը:

Երեկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները Բրյուսելում հյուրընկալած Շարլ Միշելը շեշտեց, որ կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ու տնտեսական ուղիների բացման հարցում։ Մասնավորապես, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի, դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում:

«Հիմա առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով։ Կողմերը համաձայնել են դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը», - ասել է ԵԽ ղեկավարը։

Համաշխարհային մաքսային կազմակերպությունը՝ WCO-ն, միջկառավարական մարմին է, որին անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր պետությունների մաքսային ծառայությունները։ Հիմնադրվել է 1952-ին ու հենց Բրյուսելում է տեղակայված։ Միջազգային այս կազմակերպությունը ոլորտին վերաբերող օրենքների և մեխանիզմների շուրջ քննարկումների գլխավոր կենտրոնն է։ Կազմակերպության նպատակն է աջակցել անդամ պետությունների մաքսային մարմիններին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը անդամակցում են կառույցին։

44-օրյա պատերազմից հետո հաղորդակցության ուղիների, ու մասնավորապես, երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր, տարածաշրջանի ապաշրջափակումը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է։

Երկաթուղու մասին ակտիվորեն խոսվում էր հատկապես պատերազմին հաջորդող տարում։ 2021-ի ավարտին նախ Սոչիում, ապա Բրյուսելում կողմերը հստակ հայտարարեցին Խորհրդային Միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։

«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, ըստ էության, այդ աշխատանքը մեկնարկելու հաջորդ փուլը, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», - 2022 թվականի փետրվարին հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Կառավարությունը 2022-ի հունվարին այս աշխատանքների համար 10 հոգուց կազմված հատուկ խումբ ստեղծեց: Այս խումբը տեղում հետազոտություններ սկսեց։

Այդ ժամանակ հայկական կողմը նախնական գնահատականներ էլ հնչեցրեց. Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ պետք կգան, Մեղրիի հատվածում անհրաժեշտ կլինի երեք տարի։ Այս պայմանավորվածությունից ու հայտարարություններից հետո, սակայն, երկաթուղու վերաբերյալ քննարկումները մարեցին:

Այս աշխատանքային խմբի անդամ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն ասում է՝ անցած տարի տեղում անցկացրած հետազոտություններից հետո իրենք այլ աշխատանք չեն իրականացրել:

«Մենք մեզ համար ուսումնասիրեցինք, տեսանք՝ ինչ վիճակ է այնտեղ, կամուրջներ կային, հենապատեր կային, դրանք ինչ վիճակում են, այսինքն, նաև ուսումնասիրություն, որ հետագայում եթե անհրաժեշտություն առաջանա նախագծման աշխատանքներ կատարվեն, բայց դրանով սահմանափակվեց ամեն ինչ», - նշեց Քոչինյանը:

Ավելի վաղ հնչած գնահատականով՝ շինարարությունը հայկական կողմի համար մոտ 200 միլիոն դոլար կարժենա. Հենրիկ Քոչինյանի պնդմամբ, սակայն, գնի և ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

«Եթե դուք նախագիծ չեք արել, թվի մասին չեք կարող խոսել, ենթադրություններ են, հիմա մեկը իր շինարարական փորձից ելնելով է թիվ ասում, մեկը՝ ըստ իր հնարավորություններից, մեկը՝ ցանկության: Այդ թվի մասին չարժի ընդհանրապես խոսել», - նշեց տրանսպորտի նախկին նախարարը:

Ադրբեջանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր կողմում գտնվող հատվածներում շինարարությունը դեռ երկու տարի առաջ է սկսել։ Դեպի Հայաստան եկող երկաթուղու շինարարությունը Բաքուն նախատեսում է ավարտին հասցնել հաջորդ տարի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG