Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները, ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունեցել՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- հայտարարել է Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հայաստանի վարչապետն այսօր տեղեկացրել է, որ իր և Իլհամ Ալիևի՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումից հետո և Քիշնևում Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ ծրագրված հունիսմեկյան հանդիպումից առաջ ևս մեկ բանակցություն է նախատեսվում Մոսկվայում՝ Պուտինի միջնորդությամբ։
Մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ վաղը, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները։