Այս րոպեներին Մոսկվայում անցնում է Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպումը, որի գլխավոր թեման, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, և այն, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը, որպեսզի նպաստի Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը։
«Մեր ղեկավարների կողմից ստորագրված այդ եռակողմ հայտարարությունները, ըստ էության ճանապարհային քարտեզ են՝ կայուն լուծումների հասնելու համար։ Հարավային Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակը վերլուծելով՝ մենք կարծում ենք, որ այդ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, և մենք շահարգրռված ենք, որ այդ տարածաշրջանում լինի կայունություն ու խաղաղություն»,- ասաց Լավրովը։
«Այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը»
Հայաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծեց՝ Երևանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի ու դրանից հետո Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն իրականում դրանք չեն գործում՝ Ադրբեջանի մեղքով։
«Ցավոք, գետնի վրա իրավիճակն այլ է։ Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք իրավիճակի սրում՝ Ադրբեջանի կողմից, տեսնում ենք ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, տենում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտումներ։ Դրա վերջին օրինակը սահմանային անցակետ տեղադրելու փորձն է Լաչինի միջանցքում, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ամրագրված է այդ միջանցքի գործունեության ռեժիմը։ Այն պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը», - ասաց Միրզոյանը։
Ռուսաստանը «մտադիր չէ հրաժարվել տարածաշրջանում իր դերից»
Լավրովը բացման իր խոսքում ուղիղ չանդրադարձավ հայկական կողմի բարձրացրած այս խնդիրներին։ Միաժամանակ հարկ համարեց ընդգծել, որ Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում, տարածաշրջանում պատմական դեր է խաղացել, որից մտադիր չէ հրաժարվել։
«Ռուսաստանի շահերն ուղիղ շաղկապված են այս տարածաշրջանի հետ, և մենք ամեն կերպ կփորձենք հասնել նրան, որ կայունացմանը վերաբերող որոշումները իրագործվեն։ Ակնկալում եմ, որ այդ շահերը կհարգեն նաև բոլոր այն երկրները, որոնք այս կամ այն կերպ շահարգրգռված են ներկայութուն ունենալ այս տարածաշրջանում», - ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հանդիպումը շարունակվում է փակ դռների ետևում
Եռակողմ հանդիպումն այս պահին էլ շարունակվում է փակ դռների ետևում։ Ակնկալվում է, որ դրանից հետո Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարները բանակցությունները կշարունակեն երկկողմ՝ առանց Ռուսաստանի արտգործնախարարի։
Դրանց ընդառաջ, ի դեպ, Վաշինգտոնը հայտարարել է, թե «աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ թե որ հարթակում են ընթանում բանակցությունները՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում», ժամեր առաջ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վեդանտ Պատելը։