Մատչելիության հղումներ

Հայկական կողմը միջազգային հանրությունից է ակնկալում ստիպել Ադրբեջանին պահպանել մշակութային արժեքները


Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը հրթիռակոծությունից հետո
Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը հրթիռակոծությունից հետո

Ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը փաստացի չունի հնարավորություն` պաշտպանելու հայկական մշակութային արժեքները, միջազգային հանրությունը պետք է իր վրա ստանձնի այդ պատասխանատվությունը և ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից: Հուշարձանների օրվա առթիվ երեկ կազմակերպված միջոցառմանն ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Վերջինս դիմել է միջազգային կառույցներին` քայլեր ձեռնարկելու Արցախի տարածքում հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, կոչ արել անտարբեր չմնալ հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ: Պաշտպանը, Ամարասի վանական համալիրից ուղերձով դիմելով միջազգային հանրությանը, մասնավորապես նշել է, որ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար:

«Հազարավոր հուշարձաններ մնացին մեր վերահսկողությունից դուրս: Եվ այսօր մենք ականատես ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին: Նրանք վանդալիզմի են ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը», - իր ուղերձում շեշտել է օմբուդսմենը:

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ։ Այս մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած զեկույցում է նշվում։

Շաբաթներ առաջ ադրբեջանցիները հերթական հայկական հուշարձանն էին ավերել Շուշիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը։ Ըստ շրջանառվող լուսանկարների` ավելի վաղ էլ ադրբեջանցիները Շուշիում քանդել էին Կանաչ ժամ եկեղեցին, դեռևս պատերազմի ժամանակ հատուկ նշանառությամբ երկու անգամ խոցել էին Ղազանչեցոց եկեղեցին։

Վերջերս BBC-ն էր ռեպորտաժ հրապարակել «Լեռնային Ղարաբաղ. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով, որտեղ լրագրողը հետաքննել է Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացումը։

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ հնարավոր ամեն բան արվում է, համագործակցում են Արտգործնախարարության հետ՝ պահպանելու Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հուշարձանները. «Բայց դուք գիտեք` այն ագրեսիվ մթնոլորտը և ագրեսիվ քաղաքականությունը, որ վարում է մեր հակառակորդը, անգամ ամենաբարձր պատվիրակության մուտքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արգելվեց: Մենք գիտենք, որ փորձը մեզ հուշում է, որ հայատյացության աստիճանն այնքան մեծ է, որ ուղղակի առանց աչք թարթելու հսկայական մշակութային շերտեր են ոչնչացվել, և այդ վտանգները կան նաև այսօր։ Մի բան կարող եմ ասել, որ առայժմ ամենամեծ անելիքը, որ մենք ունենք, միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացումն է»:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս պաշտպանել այլևս Ադրբեջանի ձեռքում հայտնված հայկական ժառանգությունը, եթե միջազգային հանրութունը լռում է։

«Ես եթե թույլ տաք, Ձեր հարցին այսպես պատասխանեմ` եթե կա մի կառույց, եթե կա մի անհատ, մասնագետ, որն ունի դեղատոմսը, որ մենք ավելի արագ գործենք, բաց ենք քննարկման և երախտապարտ կլինենք և կխոնարհվենք այդ անձի, այդ կազմակերպության առջև: Մեր այս քննարկումներում ընդգրկված են բոլոր պատասխանատու օղակները»։

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ Ադրբեջանի անհաղորդ ու ժխտողական քաղաքականությունը փակուղի է մտցնում տարվող գործընթացները. «Որոշակի առումով փակուղու առջև ենք կանգնել, և մեր հետագա գործընթացները, բնականաբար, պետք է ուղղված լինեն միջազգային կազմակերպությունների կողմից ճնշման ուժեղացմանն Ադրբեջանի վրա և ի վերջո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ առաքելությունը կազմակերպելուն։ Ես կարծում եմ, որ հիմնական գործընթացները պետք է միտված լինեն հենց միջազգային կազմակերպությունների հետ մեր համագործակցության ընդլայնմանը, քանի որ այս պարագայում Ադրբեջանի հետ որևէ երկխոսություն վարել ուղղակի փակուղի է մտցնում իրենց կողմից թե՛ ֆիզիկական ոչնչացման մեր պատմամշակութային ժառանգության և թե՛ ընդհանրապես հայկական հետքի և հայկական ներկայության ժխտողական քաղաքականության դեմ ուղղված»։

XS
SM
MD
LG