Դադիվանքը մեկն է այն բազմաթիվ քրիստոնեական վայրերից, որ Ադրբեջանը վերագրավել է 2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Միջնադարյան վանական համալիրը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ՝ Ադրբեջանի տարածքում։
Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարեց, թե հատուկ կոմիտե է ստեղծում, որը քայլեր կձեռնարկի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված՝ հորինված հետքերը վերացնելու համար»։ Հայտարարությունը մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացրեց։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հայտարարեց, որ «խորապես անհանգստացած է հայ առաքելական գրությունները եկեղեցիներից հեռացնելու՝ Ադրբեջանի ծրագրերով»: «Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի և այլ կրոնական և մշակութային վայրերը», - թվիթերյան գրառմամբ նշել է ամերիկյան կառավարական հանձնաժողովը:
Այն, որ Լեռնային Ղարաբաղի հնագույն հուշարձանները ոչ թե հայկական, այլ՝ կովկասյան ալբանական, կամ աղվանական ծագում ունեն, ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, և վաղուց։ Նրանք նաև «կեղծիք» են որակում արվեստի գործերը, որոնցից մեկն, օրինակ, վերևում պատկերված խաչքարն է:
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի մարտին, այցելեց Ծակուռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, հենց այդպես էլ ասաց։ «Այս բոլոր մակագրությունները կեղծ են։ Դրանք գրվել են ավելի ուշ», - հայտարարեց Ալիևը՝ մատնացույց անելով եկեղեցու մուտքի վրա փորագրված հայերեն գրությունները։
Ալիևը նաև կրկնեց պնդումը, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի այդ եկեղեցին իրականում կովկասյան ալբանական ծագում ունի:
Պատմաբաններն ասում են, որ քրիստոնյա ալբանական ցեղերն իսկապես ապրել են ներկայիս Ադրբեջանի տարածքում: Նրանց վերջին թագավորը սպանվել է 822 թվականին։ Պաշտոնական Բաքուն, ինչպես նաև կառավարության հետ սերտ կապեր ունեցող ադրբեջանցի գիտնականները, սակայն, օգտագործում են նրանց պատմությունը՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։
1950-ականներին ադրբեջանցի ակադեմիկոս Զիյա Բունյաթովն առաջին անգամ առաջ քաշեց վիճահարույց տեսությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հնագույն եկեղեցիները կառուցվել են անհետացած ալբանական ցեղերի, այլ ոչ թե հայերի կողմից: Այդ պնդումը վերջին տարիներին շարունակ շրջանառվում է նաև ադրբեջանցի պաշտոնյաների կողմից:
Եկեղեցիների ալբանական (աղվանական) ծագման մասին պնդումները լայնորեն քննադատվել են օտարերկրյա գիտնականների կողմից: Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը այդ հայտարարությունները որակում է «բավականին տարօրինակ» և նշում, որ նման փաստարկը «ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ», որի նպատակն է պնդել, թե հայերը «[Լեռնային Ղարաբաղի] նկատմամբ հավակնություններ ներկայացնելու ոչ մի հիմք չունեն»:
Բունյաթովը ժամանակին նաև մի տխրահռչակ հոդված էր հեղինակել, որտեղ պնդում էր, թե 1988 թվականին Սումգայիթում հայերն էին հայերի ջարդերը կազմակերպել՝ Ադրբեջանին վարկաբեկելու համար:
Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե աշխատանքային խումբ է ստեղծվել «հայացված ալբանական տաճարները վերականգնելու» համար, մեծ աղմուկ բարձրացրեց, այդ թվում՝ արտասահմանյան մամուլում։ Մշակույթի նախարարությունը ևս մեկ հայտարարություն տարածեց` այս անգամ քննադատելով օտարերկրյա լրատվամիջոցներին՝ «կողմնակալ հրապարակումների համար»։
Օրեր անց՝ փետրվարի 7-ին, սակայն, Ադրբեջանի կառավարությունը, փաստացի, մասամբ հետ կանգնեց ավելի վաղ արված հայտարարությունից։ Մշակույթի նախարարությունը պնդեց, թե աշխատանքային խումբը պետք է մատնանշի հուշարձանների հետ կապված ցանկացած «կեղծիք», այնուհետև «այդ փաստերը ներկայացնի միջազգային հանրությանը»:
Արդարադատության միջազգային դատարանը 2021-ի դեկտեմբերին՝ Հայաստանի դիմումի հիման վրա հարուցված գործով, պարտադրել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտերն ու պղծումը»։
Սակայն մտավախություններ կան, որ Նախիջևանում հայկական ժառանգությունը ջնջելուց հետո Ադրբեջանը կշարունակի ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության հետքերը նաև վերջին պատերազմից հետո իր հսկողության տակ անցած տարածքներում։
Վերլուծաբանները նշում են, որ Բաքուն նոր լծակներ է ստացել Արևմուտքի նկատմամբ՝ ռուս-ուկրաինական լարվածության պատճառով: Մտավախություններ կան, որ այդ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանը կարող է սահմանափակել գազի մատակարարումը՝ խնդիրներ ստեղծելով վառելիքից մեծապես կախված եվրոպական երկրների համար։ Հենց այդ պատճառով էր ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը փետրվարի 4-ին այցելել Բաքու:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ԵՄ հանձնակատարը ողջունել էր Բրյուսելի «ամուր կապերը Ադրբեջանի հետ», բռնապետական կառավարմամբ հայտնի այդ երկրի առաջնորդն էլ հայտարարել էր, թե գործընկերության նոր փուլ է սկսում ԵՄ-ի հետ՝ էներգակիրների մատակարարման ոլորտում: