«Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը»,- «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ արձագանքելով Բաքվից հնչող նոր սպառնալիքներին։
2020-ի պատերազմից հետո Քարվաճառում հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանին անցավ, բայց գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ուխտավորների այցերն արգելելուց ամիսներ անց Բաքուն պնդում է, որ նաև Դադիվանքում ապրող հայ հոգևորականները պետք է հեռանան։
«Հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը», - փոխանցեցին Մայր Աթոռից։
Դարձյալ պնդելով, թե «վանական համալիրը աղվանական է», երեկ Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահը հայտարարել էր, թե հայ հոգևորականները պետք է հեռանան այնտեղից։
«Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», - հակադարձում են Մայր Աթոռից։
Պատերազմից հետո Ռուսաստանի նախագահն էր հայտարարել՝ վանքն իր անձնական պաշտպանության տակ է, իսկ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հավաստիացնում է՝ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել, չի լինելու: Արցախում հիշում են այս խոստումները, բայց իրադարձությունների հաջորդականությունը հակառակն է ապացուցում, սա հիբրիդային պատերազմ է, «Ազատությանը» փոխանցեց Արցախի մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Մեր դեմ վարվում է տոտալ հիբրիդային պատերազմ, որի մեջ ներառվում է նաև մշակութային պատերազմը և իր մշակութային էթնիկ քաղաքականության մասնիկն է Դադիվանքի հետ կապված այս բոլոր հարցերը: Ադրբեջանի պետական քաղաքականությունն է մեր ընդհանուր ինքնության դեմ», - ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվում, թե Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ Դադիվանքի հայ հոգևորականներին ռուս հոգևորականներով փոխարինելու համար։ Արցախցի պաշտոնյան փոխանցեց, որ այդ հարցը օդում մնաց։ Իսկ դիմե՞լ է արդյոք հայկական կողմը ռուսներին՝ իր վերահսկողության գոտում ադրբեջանական նկրտումները զսպելու համար։ Հովհաննիսյանի խոսքով՝ ռուսները համենայն դեպս որևէ քայլ չեն ձեռնարկում, որ հայ հոգևորականները Դադիվանքից հեռանան։
«Ռուս խաղաղապահներն էլ ապահովում են մեր հայ հոգևորականների անվտանգությունը», - նշեց փոխնախարարը:
Դադիվանքը լքելու Բաքվի այս նոր պահանջին զուգահեռ արցախցիները շարունակում են ակցիաներ անցկացնել՝ Հայաստան - Արցախ սահմանագծին տեղադրված ադրբեջանական անցակետը հանելու պահանջով։
Բաքվի ու Ստեփանակերտի հետ բանակցող ռուս խաղաղապահները դեռ միայն խոստումներ են տալիս, թե շաբաթվա վերջին արդյունքների մասին կտեղեկացնեն։
«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժումը այսօր էլ շարունակեց խաղաղ ակցիան, Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին վրաններ են տեղադրել, որտեղ նաև գիշերում են։ Երեկ էլ նույն վայրում «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակ էին տեղադրել։
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանն «Ազատությանը» փոխանցեց՝ պահանջը անփոփոխ է, ժամկետներ են սահմանել։
«Արդյունքներ կտան բանակցությունները, չտան, Աստված առաջ, շատ կուզենանք, որ այդ բանակցությունները տան արդյունք, որ Ադրբեջանը վերջիվերջո հասկանա, և իրենք իրենց կամքով այնտեղից հեռացվեն: Ինչ կլինի երեք օր հետո, չեմ կարող պատասխանել», - ասաց Բաղրյանը:
Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հասարակության հետ կապերի պատասխանատուից տեղեկացանք, որ ապրիլի 29-ից հետո իրենց մեքենաները միջանցքով չեն անցել, հիվանդների չեն տեղափոխել, միջնորդական առաքելություն իրականացնելու համար քննարկումների մեջ են որոշում կայացնողների հետ։ Մինչ այդ հայկական չորս գյուղեր, որ գտնվում են ադրբեջանական երկու անցակետերի մեջտեղում, փաստացի հայտնվել են կրկնակի բլոկադայի մեջ՝ մարդիկ ոչ կարող են Գորիս մեկնել, ոչ էլ՝ Ստեփանակերտ։