Մատչելիության հղումներ

Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է. Արցախի մշակույթի նախարարություն


Արցախի մշակույթի նախարարությունը հայտարարում է՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է։ Ադրբեջանական կողմն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ տեղակայվել է Փառուխին հարակից Քարագլուխ կարևորագույն բարձունքի մի հատվածում։

«Այսօր վտանգված է Սուրբ Աստվածածին եկեղեցին Քարագլխի, այսօր վտանգված է Քարագլխի հին գերեզմանոցը, որտեղ ունենք բազմաթիվ կոթողային մոնումենտալ արվեստի հուշարձաններ, որոնք թվագրվում են սկսած 13-րդ դարից», - ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ռազմական նշանակությունից զատ՝ Քարագլխի այդ տարածքներում գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, այդ թվում՝ 2 եկեղեցի, հայտնի Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, Շիկաքարի քարանձավը, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր, թվարկում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարարը։

«Փաստն այն է, որ մեր հուշարձանները վտանգված են և ենթարկվում են բռնազավթման, ոչնչացման, իսկ արձագանք չկա, այդ թվում նաև այն միջազգային կառույցների կողմից, որոնք կոչված են զբաղվել կոնֆլիկտային գոտիներում, հակամարտության գոտիներում մշակութային արժեքների և ժառանգության պահպանությամբ», - նշեց Հովհաննիսյանը:

Օրերս ադրբեջանական մամուլը տեսանյութ, լուսանկարներ էր տարածել, պնդելով, թե Փառուխի մերձակայքում հայտնաբերել են ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորության վայրեր, նշել, թե դրանք կապվում են Արցախյան 1-ին պատերազմի հետ։

«Առաջին անգամ չէ, որ այդպիսի ոչ հիմնավորված նյութի հիման վրա, փորձում են խորը եզրակացություններ անել», - ասաց 2011-ին Ազոխի միջազգային հնագիտական արշավախմբի հետ պեղումներ իրականացրած Լևոն Եպիսկոպոսյանը։

Մարդաբան, 2011-ին Ազոխի միջազգային հնագիտական արշավախմբի հետ պեղումներ իրականացրած Լևոն Եպիսկոպոսյանը շեշտում է՝ նախ լուսանկարներում զանգվածային հուղարկավորության մասին որևէ նշույլ անգամ չկա, ինչպես նաև, դրանք 30 տարվա ոսկորներ չեն: Ցանկացած մասնագետ հստակ կարող է ասել, թե ինչ տարիք ունի այս կամ այն պեղած նյութը, ասում է Եպիսկոպոսյանը, ընդգծելով, ոսկորներն ավելի հին են, մոտ 12, 13-րդ դարերի և որ այդ տարածքում հայկական գերեզմանոցներ են եղել։

«Առաջին հայացքից միանգամից երևում են, որ այդ ոսկորները 30 տարվա չեն։ Ինչո՞ւ։ Քանի որ ոսկորները, որ լինում են 20-30 տարի, դրանց վրա դեռ կան հետքեր այն, օրինակ, զգեստի հետ կապված, նաև մնացորդներ, փափուկ հյուսվածքների մասնկիկներն էլ որոշ չափով լինում են։ Այստեղ մենք տեսնում ենք մաքուր ոսկորներ, դրանք ողորկ ոսկորներ են, դրանք ենթարկվել են երկարամյա, դարեր շարունակ բանի ազդեցության՝ և՛ կլիմայի, և՛ խոնավության, և՛ ջրերի, և՛ միջատների ու շատ գործոնների ազդեցության», - նշեց Եպիսկոպոսյանը։

Արցախի մշակույթի նախարարությունից արձագանքելով ադրբեջանցիների կողմից տարածած տեսանյութին, նշել են, որ կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են։ Մասնագետները պնդում են՝ ադրբեջանական տեսանյութերում ներկայացվողը հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են։

«Այդ գանգերը ունեն շատ ստույգ, հստակ ձև ունեն, դրանք կոչվում են բրախոկեֆալ՝ այսինքն՝ կլոր գլուխ, կլոր գանգ։ Եվ այդ կլոր գանգով մեր էթնիկական խումբը կտրուկ ձևով տարբերվում է մեր հարևաններից, ես խոսում եմ ադրբեջանցիների մասին։ Ադրբեջանցիները իրենց էթնոգենեզի ընթացքում ունեցել են բազմաթիվ շփումներ գենետիկական, և արաբական ազդեցությունը նրանց վրա շատ հստակ հետք է թողել, և այդ հետքը նաև արտահայտվում է իրենց գանգի ձևում, գանգն ավելի երկար է», - ասաց մարդաբանը:

Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին բարձրաձայնելով՝ Արցախից դիմում են միջազգային կառույցներին։ Նշում են, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից»:

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից հայտնել են, որ առայժմ հստակ ժամկետ չկա, թե երբ տեղի կունենա առաքելության այցը տարածաշրջան, շեշտելով՝ այս պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան, չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։ Միևնույն ժամանակ հավելում են, որ տարածաշրջան այցի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են։

XS
SM
MD
LG