Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնում՝ «Լեռնային Ղարաբաղում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև երկխոսության շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ»։
«Ծայրահեղ մտահոգությամբ երկու կողմից պարբերաբար զոհերի հանգեցնող հրադադարի ռեժիմի խախտումների և տարատեսակ միջադեպերի թվի աճ ենք արձանագրում։ Պակաս վտանգավոր չէ Հայաստանի և Ադրբեջանի հանրային դաշտում ագրեսիվ և մեղադրական հռետորաբանության թեժացումը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների զարգացման կոնտեքստում հատուկ ընդգծում ենք ցանկացած միակողմանի քայլի անթույլատրելիությունը, որ խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար դրույթները՝ լինի դա Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձ», - հայտարարում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Կոչ ենք անում կողմերին անհապաղ կերպով վերադառնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Ելնում ենք այն հանգամանքից, որ որևէ պարագայում խաղաղ բնակչությունը չպետք է տուժի և նրա կենսագործունեությանը խոչընդոտներ չպետք է հարուցվեն։ Կարծում ենք, որ ծագած բազմաթիվ խնդիրները երկար ամիսներ տևող պարապուրդի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունների շուրջ ընթացող բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են», - պնդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է՝ «տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի չափանիշների համաձայնեցմանը»։
«Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական դինամիկան», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է՝ «իրեն մերձավոր Ադրբեջանին ու Հայաստանին ողջ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել թե՛ քաղաքական մակարդակում և թե՛ տեղում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ»։