Մատչելիության հղումներ

Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար


Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցից զինծառայող Արտյոմ Պողոսյանի զոհվելու մասին։ Նա Արմավիրի մարզի Շենիկ գյուղից էր։

Համայնքապետարանից պատմեցին՝ Արտյոմը հունիսին պետք է զորացրվեր. - «Առույգ, աշխույժ, ընկերասեր, ամենալավ բաները միայն, վատ բաներ երեխուց մենք չենք տեսել։ Ինչքան կարողացել է, օգնել է, հասել է, դե գյուղի առօրյան ոնց է»։

Բաքուն հերքում է, որ հայ զինծառայողը ադրբեջանական կրակից է զոհվել ու Հայաստանին մեղադրում այլ ուղղությամբ հրադադարը խախտելու մեջ։ Երևանը սա ապատեղեկատվություն է որակում։

Սոթքի ուղղությամբ, հատկապես հանքի տարածքում կրակոցների մասին անցնող շաբաթ պարբերաբար էր հաղորդվում։ Պաշտպանության նախարարությունը, սակայն, միայն մեկ անգամ հաղորդեց կրակոցների մասին, իսկ մինչ այդ բնակիչներն ու Սոթքի հանքի ներկայացուցիչները պարբերաբար փոխանցում էին՝ կրակոցները շարունակվում են օրեր շարունակ, ինչի հետևանքով ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել էր։ Հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչն այսօր չհստակեցրեց՝ արդյոք վերսկսել են աշխատանքը։

Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ կրակոցների մասին հարցերին խուսափեց պատասխանել, միայն ասաց՝ գյուղն իր առօրյայով է զբաղվում. - «Այս պահին կարող ենք ֆիքսել, որ գյուղում գարնանացանի աշխատանքներ են կատարվում»։

Գյուղի բնակիչ Էդգար Գևորգյանի խոսքով՝ կրակոցները հաճախակի են, ասում է՝ նաև երեկ երեկոյան է բարձր ձայներ լսել, բայց այսօր խաղաղ է։

Սահմանագծում իրադրությունը հիմա հարաբերականորեն կայուն է, այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ հաղորդեց նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Սովորական չի դարձել սա, սակայն մենք պետք է հաշվի առնենք իրադրությունը և ընդհանուր առմամբ դրանից բխող գործողություններ իրականացնենք, և նորից կրկնում եմ՝ հարաբերականորեն կայուն է իրադրությունը, և որևէ փոփոխության դեպքում անմիջապես մեր լրատվական ծառայությունը կարձագանքի ու նոր տեղեկատվություն կտրամադրի», - ասաց նա։

Ինչպե՞ս ենք դիմակայելու Ադրբեջանի շարունակվող առաջխաղացումներին ու կրակոցներին, այս հարցին ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշեց, որ լուծումն արդիական բանակ ունենալն է. - «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել և այսպես շարունակ»։

Պաշտպանության փոխնախարարը լրագրողների հետ խոսեց Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում։ Այնտեղ էր նաև Զինված ուժերի գլխավորի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ով ևս պնդեց, որ իրավիճակը հարաբերական կայուն է։ Այլ հարցերի նա չպատասխանեց։

XS
SM
MD
LG