Մատչելիության հղումներ

Եթե թուղթը հասել է այն կետին, որ ստորագրենք, թե՝ ոչ, դա վատ նորություն չէ, լավ նորություն է. Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները ինքը պատրաստ է այսօր էլ ստորագրել, բայց դրանք Ադրբեջանի համար ընդունելի չեն։ Պայմանագրի շուրջ բանակցությունների գրեթե մեկ տարվա ընթացքում հանրությանը հայտնի չեն նախագծի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական տարբերակները, չնայած արդեն երեք անգամ փոխանակում է տեղի ունեցել։

«Այստեղ ասում են՝ գնալու է՝ էս է ստորագրելու, էն է ստորագրելու, էլի ասում եմ՝ եթե բանը հասնի այնտեղ, որ թուղթը հասել է այն կետին, որ ստորագրենք, թե չստորագրենք, էդ վատ նորություն չի, էդ լավ նորություն է», - ասաց վարչապետը:

Փաշինյանը խոսեց այսօրվա անվտանգության ճգնաժամից, որի արմատները էլի անցյալում տեսավ. - «Մի օրում որոշեցիք, որ երեք տարի գուցե ավելի երկար բանակցել եք ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին, մեկ էլ՝ մի օր պտտվեց, ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, բա էդ ի՞նչ էիք բանակցել, էդ ո՞նց էիք բանակցել: 20 թվի պատերազմը 20 թվի սեպտեմբերին չի սկսվել, 20 թվի պատերազմը սկսվել է 2015 թվի օգոստոսի, 2016 թվի, ապրիլին»:

Իր ամենամեծ սխալը համարեց այն, որ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին ելույթը մինչև պատերազմը՝ 2019-ին չի ունեցել։ Միջազգային հանրության հավաքական տեսակետ ներկայացնելով՝ այդ մասին Փաշինյանը խոսեց իր իշխանության չորրորդ տարում՝ 2022-ին։

«Ասում եք՝ ինչի՞ չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, շատ պարզ պատճառով, որովետև դեռևս 96 թվականին միջազգային հանրությունը մեզ ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այն ժամանակ ֆեյսբուք չի եղել, որ բոլորը տարածեն, և դրա համար էր Տեր-Պետրոսյանն ասում՝ այս հարցին 6 հոգի են տիրապետում, որովհետև այն ժամանակ այդ նիստերը ուղիղ նայել հնարավոր չէր», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

Փաշինյանը հակադարձեց այս օրերին նաև խորհրդարանի ամբիոնից հնչող քննադատություններին՝ ինչո՞ւ չի հանդիպել բանակցողներին՝ նախկին նախագահներ, արտգործնախարարներ։ Հանդիպել է, պնդեց, բայց չհստակեցրեց՝ ում հետ։ Հրապարակային խոսվել է 2018-ի հուլիսին կայացած Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպման մասին միայն։

«Կներեք, ինչո՞ւ պիտի բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք, սա պետություն չի՞, բա ո՞ւր է բանակցությունների ընթացքը արձանագրված Արտաքին գործերի նախարարությունում: Ցաքուցրիվ՝ դարակների տակից, սառնարանների ոտքի տակից մի երկու հատ թուղթ ենք գտել իրար կպցրել, այսինքն, մենք տառաճանաչ չե՞նք, չե՞նք կարում կարդանք: Կամ եթե նույն Սերժ Սարգսյանը, նույն Վարդան Օսկանյանը, մյուսները բան ունեին ասելու, էդ ո՞նց է Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում, ասում, տանս հարցը լուծի, չէ՞ր կարում խաբար ուղարկի, որ Ղարաբաղի հարցը սենց բաներ կա: Էն ժամանակ ասեիք, հրապարակային ասեիք, երկուսդ էլ ասեիք, ասեիք՝ վեր կաց և հողերը հանձնի», - նշեց վարչապետը:

Փաշինյանն այսօր խորհրդարանում ամփոփում էր կառավարության անցած տարվա ծրագրի կատարողականը, որտեղ հարկ համարեց անդրադառնալ նաև եկեղեցու ու պետության հարաբերություններին։ Նախօրեին Գարեգին Երկրորդը վերահաստատել էր՝ Փաշինյանի հրաժարականի իր հորդորը։

«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ: Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակում է իշխանությանը Աստծո հրամանին է հակառակում: Թող եկեղեցին ինքն իր էության, իր տեսության և իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղության բերել Հայաստանի Հանրապետությանը», - եզրափակեց նա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG