Մատչելիության հղումներ

Ռամշտայնում քննարկվում են Ուկրաինային Արևմուտքի հետագա օգնության հարցերը


Ուկրաինային աջակցող արևմտյան երկրները կրկին հավաքվել են Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում՝ առաջիկա ծրագրերը քննարկելու համար։

Միջազգային աջակցությունը Կիևին մնում է անփոփոխ, լայն և ուժեղ, վստահեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը. - «Ուկրաինան մեր հրատապ օգնության կարիքն ունի՝ իր քաղաքացիներին, ենթակառուցվածքները և ստորաբաժանումները ռուսական հրթիռների սպառնալիքից պաշտպանելու համար»։

Օսթինի խոսքով, Միացյալ Նահանգներն արդեն ավելի քան 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել: Այս թիվն առաջիկայում կարող է ավելանալ։

Ռամշտայնում հիմնական շեշտը դրվելու է հենց զինամթերքի և հակաօդային պաշտպանության տրամադրման վրա, ինչը Կիևի պահանջն է ամիսներ շարունակ։ Հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլնտենբերգը հայտարարել էր, թե դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ. - «Ես երեկ Կիևում ասացի, որ Ուկրաինայի ապագան եվրատլանտյան ընտանիքում է, և ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Բայց հիմա հիմնական ուշադրությունը, իհարկե, այն է, թե ինչպես ապահովել Ուկրաինայի գերակայությունը»:


Թե երբ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ադամ, Ստոլտենբերգը ի ասել, բայց ակնարկել է, որ ստեղծված իրավիճակում դաշինքն առավել կարևոր է համարում սպառազինությունների հետագա մատակարարումների հարցը, քան ՆԱՏՕ մտնելու Ուկրաինայի պլանները. - «Այժմ ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի։ Որովհետև եթե Ուկրաինան իրեն չհայտարարի որպես ինքնիշխան անկախ պետություն Եվրոպայում, ապա անիմաստ է քննարկել անդամակցությունը»:

Հյուսիսատլատնյան դաշինքի գլխավոր քարտուղարը ընդգծել է՝ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը:

Բայց հստակ է, որ Զելենսկին ընդունել է հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ասել էր, թե գագաթնաժողովի աշխատանքներին չի մասնակցի, եթե այնտեղ Ուկրաինան չստանա դաշինքին անդամակցելու հրավեր։

Ռուսական ուժերը ԱԹՍ-ներով թիրախավորում են ուկրաինական քաղաքները

Ու մինչ դաշնակիցները քննարկում են օգնությունը Ուկրաինային, ռուսական ուժերը կրկին թիրախավորում են ուկրաինական քաղաքները անօդաչու թռչող սարքերով։

Պոլտավայի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտ։ Հարձակման է ենթարկվել են նաև Կիևը՝ առաջին անգամ վերջին 25 օրվա ընթացքում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Պայթյուններ այս գիշեր լսվել են նաև Ռուսաստանի տարածքում

Երեկ ուշ երեկոյան Բելգորոդի կենտրոնում ավիացիոն ռումբ է պայթել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ռումբը սխալմամբ արձակվել է ռուսական օդանավից։ Ուժգին պայթյունի հետևանքով քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մեծ փոս է գոյացել, վնասվել են շենքեր ու մեքենաներ։ Վերջին տվյալներով, երեք մարդ է վիրավորվել

Ռազմի դաշտի ամենաթեժ կետը արդեն մի քանի ամիս է, մնում է Բախմուտը։ «Իրավիճակն այնտեղ լարված է, բայց վերահսկելի. ուկրաինացի զինվորականները պահում են գիծը և հարձակումներ են իրականացնում», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը՝ հավելելով, թե որոշ հատվածներում ռուսներին հաջողվում է առաջ գնալ, սակայն քաղաքը պաշտպանող ուկրաինական զորքերը վերահսկում են իրավիճակը։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը նույնես այսօր հայտարարել է, թե քաղաքի համար մարտերը շարունակվում են՝ կեղծ անվանելով ավելի վաղ տարածված տեղեկությունը, իբր Բախմուտում ուկրաինական զորքերը հայտնվել են շրջափական մեջ։

XS
SM
MD
LG