Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ է կրում, բայց դեռ ռեզերվներ ունի շարունակելու պատերազմը․ զեկույց


Ռազմի դաշտում Ռուսաստանը ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ է կրում, նորը արտադրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են պատժամիջոցների պատճառով, բայց պատերազմը շարունակելու դեռ բավականին ռեզերվներ ունի, նշված է Վաշինգտոնի «Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի» հրապարակած զեկույցում։

Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական կորուստները խիստ գաղտնի է պահում։ Զեկույցի հեղինակները հայտնում են, որ օգտվել են նաև նիդերլանդական հետախուզության բաց աղբյուրներից, որտեղ ներառվում են միայն արձանագրված կորուստները՝ ռազմական տեխնիկայի ոչնչացված, վնասված, լքված միավորները։

Ըստ զեկույցի, ռուսական բանակի ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հրասայլերի, հրետանային մարտկոցների, զրահամեքենաների, բեռնատարների, դրոնների, զինվորական մեքենաների կորուստների քանակը մոտենում է 10 հազար միավորի, որտեղ ամենազգալին հրասայլերի կորուստներն են։

«Պատերազմի առաջին տարվա ընթացքում, ըստ տաբեր գնահատականների, Ռուսաստանը կորցրել է 1845-ից 3511 հրասայլ», - գրում են զեկույցի հեղինակները, նշելով, որ դրանց մեծ մասը արդիականացված T-72B3 հրասայլերն են, որոնք ռուսական բանակի սպառազինությունների մեջ են մտել 2013 թվականից։

Ռուկրաինացի զինծառայողը կանգնած է ռուսական T-72B3 հրասայլի մոտ, արխիվ
Ռուկրաինացի զինծառայողը կանգնած է ռուսական T-72B3 հրասայլի մոտ, արխիվ

Իսկ Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը ի վիճակի չէ լրացնել բացը։ Հրասայլերի արտադրության առաջատար գործարանը՝ «Ուրալվագոնզավոդը» ամիսը 20 տանկ է արտադրում, բայց պատերազմի դաշտում յուրաքանչյուր ամիս Ռուսաստանը միջին հաշվով 150 տանկ է կորցնում։

Մոսկվան ստիպված շարք է վերադարձնում տասնամյակներով պահեստավորված հին տանկերը, այդ թվում՝ T-55 տանկերը, որոնք սպառազինությունների մեջ էին մտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Զեկույցի հեղինակները գտնում են, որ ռազմական տեխնիկայի պահուստների շնորհիվ Ռուսաստանը դեռ նշանակալից առավելություն ունի Ուկրաինայի հանդեպ։ 2023 թվականի փետրվարի դրությամբ ռուսական օդուժը ուկրաինականին գերազանցում է մոտավորապես 13-15 անգամ, հրասայլերը 7-8 անգամ ավելի շատ են, զրահամեքենաները՝ 4 անգամ, իսկ ռազմական նավերը գերազանցում են 12-16 անգամ։

Չնայած այդ միավորներից շատերը հին են, անորակ, պիտանի լինելու համար վերանորոգելու կարիք ունեն, այնուամենայնիվ, ռազմական տեխնիկայի առավելությունը Մոսկվային թույլ կտա շարունակել պատերազմը, հույս ունենալով, որ ուկրաինական բանակը ինչ-որ պահից կսկսի ռազմական տեխնիկայի լուրջ պակաս ունենալ, գտնում են զեկույցի հեղինակները:

Ռուսաստանի ռազմական տեխնիկայի առավելությունը չեզոքացնելու համար առաջարկվում է շարունակել արևմտյան ժամանակակից սպառազինությունների մատակարարումը Ուկրաինա։ Ընդ որում, նշվում է, որ մատակարարումների տեմպերը պետք է գերազանցի Ռուսաստանի արտադրության տեմպերին, որպեսզի դժվարություններ ստեղծվի Մոսկվայի կողմից մաշեցնող պատերազմ վարելու համար։

HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Ուկրաինայում, արխիվ
HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Ուկրաինայում, արխիվ

Առաջարկվում է նաև հայտնաբերել և թիրախավորել ապօրինի ցանցերն ու անձանց, որոնք ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի մեխանիզմներում։ Միացյալ Նահանգները դրա համար պետք է ավելի ակտիվորեն օգտագործի իր լծակները հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում, նշված է ամերիկյան հետազոտական կազմակերպության զեկույցում։

Վաշինգտոնում գործող «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը» շահույթ չհետապնդող հետազոտական կազմակերպություն է, որն իր ուսումնասիրություններով աշխարհի ամենամեծ մարտահրավերների գործնական լուծումներ է առաջարկում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG