Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև


Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիևում, 20-ը ապրիլի, 2023թ.
Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիևում, 20-ը ապրիլի, 2023թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև:

Ուկրաինայի մայրաքաղաքի Միխայլովյան հրապարակում տեղադրված հուշարձանի մոտ Ստոլտենբերգը հարգանքի տուրք է մատուցել ռուսների դեմ պատերազմում զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին, ապա այցելել է խոցված ռուսական զինտեխնիկայի բացօթյա ցուցահանդես:

Ուկրաինայի ղեկավարների հետ Ստոլտենբերգի բանակցությունների օրակարգի մասին տեղեկություններ չկան:

Այցից քիչ առաջ նա հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի սատարել Ուկրաինային՝ չնայած միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին Կրեմլի հնչեցրած ակնարկներին:

«Ռուսաստանն անմիջական սպառնալիք է մեր անվտանգության համար», - ասել է Ստոլտենբերգը:

Ուկրաինան հույս ունի միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները ներկայումս միանշանակ կարծիք չունեն այդ հեռանկարների հետ կապված:
Մասնավորապես, Financial Times-ը գրել է՝ Վաշինգտոնը մտահոգված է, որ պատերազմի ընթացքում դաշինքի հետ Կիևի կապերի խորացումը կարող է հանգեցնել հակամարտության սրման, ներառյալ՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել էր փետրվարին կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։ Նա զգուշացրել է, որ գագաթնաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե տեսնի իրական քայլեր Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, ինչպես, օրինակ, անվտանգության հետպատերազմյան երաշխիքների տրամադրումը կամ դաշինքի հետ ավելի սերտ համագործակցությունը։
Մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անդամ երկրներին ներկայացրեց «գործնական և քաղաքական» առաջարկներով փաստաթուղթ Կիևի համար:

XS
SM
MD
LG