Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը խորհրդարանին և ժողովրդին հղած ուղերձում իր աջակցությունն է հայտնել երկրում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը։ Լուկաշենկոյի խոսքով՝ դա «հնարավորություն է՝ ապահովելու բելառուսական պետության և բելառուսցի ժողովրդի խաղաղությունը»։
Պուտինի մերձավոր դաշնակիցը համարվող Բելառուսի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմին, որի համար մեղադրել է Արևմուտքին և Ուկրաինայի ղեկավարությանը։
Լուկաշենկոյի խոսքով՝ «եթե Ռուսաստանի ղեկավարությունը հասկանա, որ Ռուսաստանը փլուզվում է, միջուկային զենք կկիրառվի»։
Այս համատեքստում նա չափազանց վտանգավոր է համարել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական ծրագրերը։ «Սա ամենավատ բանն է, որ հնարավոր է ներկա պայմաններում, քանի որ դա կարող է խարխլել բանակցային գործընթացի հետ կապված բոլոր հույսերը և հանգեցնել հակամարտության անդառնալի սրման», - պնդել է Լուկաշենկոն և հորդորել զինադադար հաստատել՝ հիմնվելով ներկայիս ճակատային գծի վրա։
Թե՛ Կիևը, թե՛ դաշնակիցներն անընդունելի են համարում հրադադարը ներկա պայմաններում՝ առանց երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման: