Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ երկար են գործելու, Տուլայում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ պատժամիջոցները, իհարկե, երկարաժամկետ են։ Մեզ անհրաժեշտ են երկրի ինքնիշխան զարգացման ռազմավարական նպատակներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներ», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցները Արևմուտքը սահմանել է Ուկրաիա ներխուժումից հետո։ Մոսկվան պարբերաբար կրկնում է, որ չնայած այդ պատժամիջոցներին, երկրի տնտեսությունը նորմալ զարգանում է, և Ռուսաստանը շարունակելու է այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում։
Մինչ այդ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով, պատերազմի տասներեք ամիսներին ընթացքում Ուկրաինայում առնվազն 501 երեխա է մահացել։ Ընդ որում, խոսքը միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված զոհերի մասին է, իրական թվերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ են։ Մինչդեռ պատերազմը շարունակվում է, և հայտնի չէ, թե դեռ քանի երեխայի կյանք կխլի։
Վերջին շաբաթներին թեժ է հատկապես Բախմուտում և Ավդեևկայի մոտ
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հաստատում է ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը գրավել է Բախմուտի քաղաքապետարանը։ Նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որում ավերված քաղաքապետարանի փլատակների վրա տեղադրված է ռուսական դրոշ։
Ամերիկացի փորձագետների տվյալներով, վարձկանները շարունակում են շարժվել դեպի քաղաքի կենտրոն և շուտով կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի կենտրոնն ու արևմտյան հատվածը, որտեղ այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների դիրքերը։
Դոնբասում կատաղի մարտերին զուգահեռ, ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, իսկ Ուկրաինայի դաշնակիցները շարունակում են պնդել, թե ամեն ինչ անելու են, որ այդ հակահարձակումը հաջողված լինի։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին. Ստոլտենբերգ
«Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին։ Միայն դա, նրա կարծիքով, կարող է պայմաններ ստեղծել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա խաղաղ բանակցությունների համար։
Ստոլտնեբերգը շեշտել է, որ այն, թե երբ և ինչ պայմաններում կարող են սկսվել նման բանակցությունները, Կիևը պետք է որոշի, և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի օգնել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. - «Հիմնական մարտահրավերը, իհարկե, այն է, որ այս պատերազմն այժմ վերածվել է քայքայման պատերազմի: Սա նշանակում է, որ այժմ տեղի է ունենում նյութատեխնիկական ապահովման կռիվ, այսօր կարևոր է ապահովել զինամթերքի, զենքի մտակարարումը։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, քանի որ մեր անվտանգության շահերից է բխում ցույց տալ, որ նախագահ Պուտինը չի հաղթում Ուկրաինայում»։
Ստոլտենբերգը համոզված է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան հաջողության հասնի մարտի դաշտում, ինչը հաջողություն կբերի նաև բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ հաջողությունը նաև կախված է լինելու զինամթերքից, որն Ուկրաինան այսօր ստանում է Արևմուտքից։
Միևնույն ժամանակ, Կիևը պնդում է, թե Ուկրաինայի անվտանգությունը լավագույնս պաշտպանված կլինի, եթե Ուկաինանա դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այսօր Բրյուսելում կայացած Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո այս մասին կրկին հայտարարել է արտործնախարար Դմիտրի Կուլեբան։
Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն, դեռ օրակարգում չէ։
Մինչ այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Մոսկվան արդեն փոխանցել է Բելառուսին «Իսկանդեր Մ» հրթիռային համակարգ. - ««Իսկանդեր Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը հանձնվել է Բելառուսի զինված ուժերին։ Այն կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ»։
Անցած ամիս Ռուսաստանի նախագահը հայատարել էր, թե Բեառուսի նախագահի խնդրանքով Ռուսաստանը մտադիր է Բելառուսի տարածքում տեղակայել մարտավարական միջուկային զենք։