The Bell կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության պաշտոնյաներին արգելել է առանց հատուկ թույլտվության հեռանալ Ռուսաստանի տարածքից:
Արգելքը տարածվում է նախարարների, նրանց տեղակալների, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների և վարչությունների պետերի վրա:
Նրանք կարող են արտասահման մեկնել միայն պաշտոնական նպատակներով, ընդ որում, ուղևորություն կատարելու թույլտվությունը վավերացվելու է անձամբ վարչապետ Միշուստինի ստորագրությամբ:
Financial Times պարբերականը վերջերս հայտնել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները սկսել են առգրավել միջին օղակի պաշտոնյաների և պետական ընկերությունների ծառայողների արտասահմանյան անձնագրերը, չնայած այն հանգամանքին, որ այդ անձինք չեն աշխատում պետական գաղտնիք համարվող փաստաթղթերի հետ:
Փորձագետների համոզմամբ, իշխանությունները ցանկանում են կանխել այդ կատեգորիայի քաղաքացիների հնարավոր փախուստն արտասահման: