Մատչելիության հղումներ

Մասնակի զորակոչի մասին Պուտինի հայտարարությունից հետո բողոքի ցույցեր են եղել Ռուսաստանի մոտ քառասուն քաղաքներում


Ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկվում բողոքի ցույցի մասնակիցներին։ Մոսկվա, 21-ը սեպտեմբերի, 2022
Ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկվում բողոքի ցույցի մասնակիցներին։ Մոսկվա, 21-ը սեպտեմբերի, 2022

Երեկ երեկոյան Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում Մոսկվայի կենտրոնում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել` կոչ անելով խրամատ տանել Վլադիմիր Պուտինին, ով երեկ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց Ուկարինայի դեմ պատերազմը շարունակելու համար:

Բողոքի ցույցեր են եղել մոտ քառասուն քաղաքներում, ոստիկանները ավելի քան 1300 մարդու են ձերբակալել, հայտնում է OVD-Info-ն։ Որոշ ձերբակալվածների հենց տեղում ծանուցագրեր են հանձնել, մի մասի դեմ հարուցվել են նաև քրեական գործեր` բանակի հեղինակությունը վարկաբեկելու կամ իշխանության ներկայացուցիչներին չենթարկվելու համար։

Ցույցերն ուղեկցվել են ոստիկանական կոշտ գործողություններով, իրավապահները բազմաթիվ դեպքերում ծեծել են ցուցարարներին մահակներով ու ուժով քարշ տվել դեպի հատուկ ոստիկանական ավտոբուսներ։

Թեև բողոքի ցույցերը դեռ զանգվածային չեն, սակայն հարցումները ցույց են տալիս, որ մասնակի մոբիլիցիայի որոշումը շատերին է մտահոգել։

Մեջբերենք մի քանի կարծիք. «Չեմ աջակցում մոբիլիզացիայի մասին որոշմանը։ Պատերազմ չեմ գնա, ես պետք է ընտանիք պահեմ», «Բացարձակապես չեմ աջակցում։ Ոչ ոք չի կարող պատերազմ ցանկանալ», «Պատերազմելու չեմ գնա։ Ես չեմ հասկանում, թե սա ինչի համար է»։

Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց ճիշտ մեկ օր առաջ Պետդուման փոփոխություններ է մտցրել Քրեական օրեսգրքում, որոնց համաձայն մեկ ամսվա ընթացքում զինվորական ծառայության չներկայանալու դեպքում ռուսաստանցիներին սպառնում է հինգից տասը տարի ազատազրկում։

Կրեմլի կոշտ ընդդիմախոս, այժմ ազատազրկված Նավալնու աջակիցները երեկ զանգահարել են բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդուն՝ պարզելու, թե արդյոք նրանք պատրաստ են ենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարի որոշմանը: Ձևացնելով, թե զանգահարում են զինկոմիսարիատից՝ նրանք հետաքրքրվել են`պատրաստ են արդյոք պաշտոնյաների զավակները ներկայանալ ծառայության:

Պուտինի մամուլ ի քարտուղարի որդին, մասնավորապես, հրաժարվել է ներկայանալ զինկոմիսարիատ. - «Առավոտյան ժամը 10-ին, իհարկե, վաղը չեմ գա… Եթե գիտեք, որ ես պարոն Պեսկովն եմ, պետք է հասկանաք, թե որքան ճիշտ չէ, որ ես այնտեղ գտնվեմ: Մի խոսքով, հարցը ես այլ հարթության վրա կլուծեմ»։

Երկրորդ օրն է, լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի սահմանակից երկրների ճանապարհներին հերթեր են կուտակվել։ Ինքնաթիռների տոմսերը դեպի այն երկրներ, որտեղ ռուսները կարող են մեկնել առանց մուտքի թույլտվության, սպառվել են հաշված ժամերի ընթացքում, կամ կտրուկ թանկացել են՝ հասնելով աստղաբաշխական թվերի։

Պուտինի խոսնակը, սակայն, երկրից արտագաղթի մասին տեղեկությունները կեղծ է որակել՝ ասելով, թե օդանավակայաններում աժիոտաժի մասին տեղեկությունները չափազանցված են և կեղծ։

Մոբիլիզացիա Ռուսաստանի պատմության ընթացքում երկու անգամ է հայտարարվել՝ 1914 թվականին՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և 1941 ին` երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Պուտինը և Պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել են, թե այս անգամ խոսքը միայն մասնակի մոբիլիզացիայի մասին է, և նախատեսված է զորակոչել 300 հազար մարդ։

Սակայն քաղաքագետները պնդում են, որ իրականում դժվար է վերահսկել, թե Գլխավոր շտաբը քանիսին կզորակոչի։

«Կկանչեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - ասում է սոցիոլոգ Իգոր Էյդմանը, ում համոզմամբ այս որոշումը Պուտինը դժվարությամբ է ընդունել. - «Ակնհայտորեն մեծ դժկամությամբ, ռազմաճակատում ստեղծված իրավիճակի պատճառով, առաջին հերթին ռուսական բանակի խարկովյան նահանջի պատճառով, երբ կույրերի համար անգամ պարզ դարձավ, որ ռուսական բանակը պարտվում է այս պատերազմում։ Միայն դրանից հետո նա լսեց պատերազմի կողմնակիցներին, որոնք վաղուց էին խոսում այս մասին»։

Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին կոչ են անում Պաշտպանության նախարարությունից ծանուցում ստացողներին բանակ գնալու փոխարեն հանձվել ուկարինական կողմին։ Այս մասին նախօրեին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում խոսել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը. - «Մենք նրանց ըմբռնումով կվերաբերվենք։ Եվ մենք խստորեն պահպանում ենք Ժնևի բոլոր կոնվենցիաները»։

Այս ֆոնին Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը հիշեցրել են Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիներին, որ Ուկրաինայի դեմ պատերազմին միանալու դեպքում հայրենիքում կենթարկվեն պատասխանատվության։ Ռուսաստանում այդ երկրների դեսպանատները հայտարարություններ են տարածել՝ հիշեցնելով, որ քրեական պատիժ է սպառնում այն քաղաքացիներին, որոնք այլ պետության տարածքում կմասնակցեն ռազմական գործողությունների։

XS
SM
MD
LG