Մատչելիության հղումներ

Ադրբեջանն առաջին անգամ դեսպանատուն է բացում Իսրայելում


Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլի Կոենի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, Թել Ավիվ, 29-ը մարտի, 2023թ.
Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլի Կոենի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, Թել Ավիվ, 29-ը մարտի, 2023թ.

Երեք տասնամյակ շարունակվող դիվանագիտական հարաբերություններից հետո Ադրբեջանն այսօր առաջին դեսպանատունը բացեց Իսրայելում, ինչը երկու երկրներում պատմական քայլ են որակում ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Երեկվանից Թել Ավիվում է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մեր երկկողմ փոխշահավետ հարաբերություն է՛լ ավելի կխորանա այս պատմական այցից հետո։ Կեցցե ադրբեջանա-իսրայելական ամուր և խորացող համագործակցությունը»,- Թվիթերում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Հյուրընկալող կողմը ևս պերճախոս էր՝ շնորհակալություն հայտնելով անձամբ Ադրբեջանի առաջնորդին․ - «Դեսպանատուն բացելու որոշումը ցույց է տալիս, թե որքան խորն է մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, որը անցած երեսուն տարում աստիճանաբար վերաճել է քայլերի սերտ համակարգման, որի ականատեսն ենք այսօր։ Իսրայելի կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին՝ այս հարցում նման որոշում կայացնելու համար»,- հայտարարարեց արտգործնախարար Կոենը։

Փաստացի Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որն, ունենալով շիա մեծամասնություն, սեփական դեսպանատունն է բացում Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում։ Եվ պատահական չէր, որ Իսրայելի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսում առաջին հերթին այդ փաստն առանձնացրեց․ - «Իսրայելն ու Ադրբեջանը համակարծիք են Իրանից եկող վտանգների հարցում։ Իրանական ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին, ֆինանսավորում է ահաբեկչրությունը և ապակայունացնում ողջ Մերձավոր Արևելքը։ Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի թույլ չտանք Իրանին զարգացնել միջուկային հնարավորությունները։ Դա պետք է անել քաղաքական ու տնտեսական միջոցներով՝ միաժամանակ կազմավորելով վստահելի և վճռական զինված ուժեր»։

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պատասխան ելույթում հարևանի՝ Իրանի մասին չխոսեց։ Բայց ընդգծեց, որ Իսրայելի հետ համագործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում տարիների պատմություն ունի և առաջիկայում էլ ավելի է խորանալու։

«Այսօր մենք քննարկել ենք այդ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հարցը։ Կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության վրա», - նշեց նա։

Իսրայելը Արդբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից մեկն է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2016-2020 թվականներին՝ Ապրիլյան քառօրյաից մինչև 44-օրյա պատերազմի տարիներին, Իսրայելը Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորն է եղել՝ այդ ընթացքում ադրբեջանական զինանոցի մատակարարումների 69 տոկոսը հենց Իսրայելից է ստացվել։ Խոսելով այս ոլորոտում երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարին, կրկին ընդգծելով՝ Բաքուն պատրաստ է դրան՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները ընդունելու դեպքում։

«Մենք վստահ ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է իրագործվի միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմամբ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Հակամարտության ավարտից հետո Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է սկսել ազատագրված տարածքներում։ Մենք երախտապատ ենք իսրայելական կողմին այս հարցում ցուցաբերած հետաքրքրության համար», - շեշտեց նա։

Բայրամովը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության համար, ընդգծելով. «Իսրայելը մեր կողքին էր թե պատերազմից առաջ, թե այդ ընթացքում»։

Պատերազմական այդ օրերին՝ 2020-ի հոկտեմբերին, Հայաստանը, ի նշան բողոքի, ետ կանչեց Իսրայելից իր դեսպանին։ Մեկ տարի անց, սակայն, Երևանը վերանայեց այդ որոշումը․ անցած տարվա ապրիլին Իսրայելում Հայաստանի դեսպանը վերադարձավ Թել Ավիվ մեկուկես տարվա ընդմիջումից հետո։

XS
SM
MD
LG