Մատչելիության հղումներ

Մեղադրանքներ Իրանի հասցեին, տասնյակ ձերբակալվածներ. իրանա-ադրբեջանական լարվածությունը չի մարում


Մեղադրանքներ Իրանի հասցեին, տասնյակ ձերբակալվածներ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով․ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպից հետո երկու երկրների հարաբերություններում ճգնաժամն էլ ավելի է խորանում։

«Իրանի ուժայինները անգործություն են դրսևորել»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր կրկին անդրադառնալով զինված միջադեպին, թեև խուսափել է տեղի ունեցածի համար ուղիղ մեղադրանքներ հնչեցնել Իրանի իշխանության հասցեին, այդուհանդերձ պնդել է, որ միջադեպի ընթացքում Իրանի ուժային կառույցները անգործություն են դրսևորել։ Ալիևը զինված հարձակումից անմիջապես հետո տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն, սակայն մինչ օրս չի հստակեցրել, թե ովքեր են կանգնած այդ ահաբեկչության ետևում։

«Չնայած այն հանգամանքին, որ այդ անձի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը մեր դեսպանատանը տևել է բավական ժամանակ, որևէ լուրջ քայլ Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից չի ձեռնարկվել»,- Ալիևի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի նախագահական աշխատակազմի մամլո ծառայությունը։

Ադրբեջանը հայտարարում է Իրանի օգտին աշխատող 39 գործակալների ձերբակալության մասին

Ալիևի հայտարարությանը զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է Իրանի համար աշխատող 39 գործակալների ձերբակալության մասին։ Նման հաղորդագրություն է տարածել APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

«Ձերբակալվածներն իրենց, որպես հավատացյալներ ներկայացնելով, սոցիալական ցանցերում քարոզչություն էին իրականացնում հօգուտ Իրանի, կատարում էին իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները», - պնդում են լրատվամիջոցները, հավելելով, թե ձերբակալվածները հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են Իրանի հետախուզական մարմիններին։

Ադրբեջանի իրավապահները երեկ խուզարկություններ են իրականացրել նաև «SalamNews» լրատվական գործակալության խմբագրությունում և «Interaz» հեռուստաընկերությունում։ «Թուրան» գործակալության տվյալներով՝ լրատվամիջոցների հիմնադիրը Ռուսաստանում է ձերբակալվել։

«Հստակ է, որ իշխանությունները չեզոքացնում են իրանամետ կառույցներին և անձանց։ Դատելով այդ ամենից՝ սա միայն սկիզբն է»,- ենթադրում է «Թուրանը»։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ իրավապահների թիրախում հայտնված երկու լրատվամիջոցները պատկանում են Մաթլաբ Բաղիրովին, որն իբրև «կրոնական կրթություն է ստացել Իրանում և Սիրիայում»։ Բաղիրովի ղեկավարած լրատվամիջոների հեռուստահաղորդումները եթեր են հեռարձակվում Türksat թուրքական արբանյակով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ հեռուստաընկերության մշտական հյուրերը կրոնական քարոզիչներ և իրանական ռեժիմի աջակիցներ են։

Երկու հարևան երկրների հարաբերությունները, որոնց բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, է՛լ ավելի են սրվել անցած ուրբաթ օրը Թեհրանում տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որի հետևանքով զոհվել է Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետը։

Բաքուն, չսպասելով հետաքննության ավարտին, շտապել է տեղի ունեցածը ահաբեկչություն որակել՝ տարհանելով դեսպանատան անձնակազմին Թեհրանից, երեկ էլ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ տվել զերծ մնալ Իրան այցելություններից։

Զինված միջադեպը, ինչպես Իրանի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարությունում են ասել, «էլ ավելի է սրել առանց այդ էլ բարդ փոխհարաբերությունները»։

Ադրբեջանը վաղուց է Իրանին մեղադրում ղարաբաղյան հակամարտության հարցում հայամետ դիրքորոշման համար, թեև Թեհրանը առաջիններից է շնորհավորել Ալիևի վարչակազմին քառասունչորսօրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։

Թեհրանն, իր հերթին, ընդդիմանում է Հայաստանից միջանցք ստանալու Ադրբեջանի պահանջին, որի հետևանքով կարող է փոփոխվել հայ-իրանական սահմանը։ Իրանը մտահոգված է նաև իր հակառակորդ Իսրայելի հետ Ադրբեջանի ամուր և զարգացող կապերով։

Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են «պաշտպանական կարևոր կապերը»

Իսրայելն առաջիններից է ցավակցել Ալիևի վարչակազմին՝ դեսպանատան զինված միջադեպի կապացությամբ, դրանից մի քանի ժամ անց էլ Բաքվում Իսրայելի դեսպանը Թվիթերում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ «շատ կարևոր հանդիպման» մասին։

Այսօր էլ «պաշտպանական կարևոր կապերն» են քննարկել Իսրայելի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Թվիթերում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի և այդ երկրի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի հետ։

«Մենք քննարկել ենք մեր երկրների միջև պաշտպանական կարևոր կապերը և հայտնել համագործակցության հետագա խորացման մեր հանձնառությունը»,- գրել է իսրայելցի պաշտոնյան և վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ համագործակցությունը «դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG