Իսրայելում նախանձելի փութաջանությամբ հետևում են ամբողջ աշխարհում հրեա ժողովրդի հանդեպ վերաբերմունքին, արձանագրում, վերլուծում, դասակարգում են բոլոր երևույթները և հատուկ զեկույցներ են կազմում:
Ընդ որում, աշխատանքը կատարվում է պետական մակարդակով՝ Իսրայելի սփյուռքի նախարարության մասնագետների կողմից:
Նրանց աչքից չեն վրիպում ոչ միայն բոլոր մայրցամաքներում պետական այրերի, հանրային գործիչների ելույթները, այլև մամուլում տեղ գտած հրապարակումներն ու քանի որ թվային դարաշրջան է՝ նաև սոցիալական ցանցերում օգտատերերի մեկնաբանությունները:
Այդ առումով ամեն երկիր ունի իր յուրօրինակ «դոսյեն»: Հայաստանինն առանձնապես ստվար չէ, բայց մերթընդմերթ երկրի անունը հիշատակվում է այդ փաստաթղթերում:
2020-ին Հայաստանում նկատվել է հրեատյացության գործոն, որը նախևառաջ կապված է եղել 44-օրյա պատերազմում Ադրբեջանին գերարդիական զենքով աջակցելու Իսրայելի քաղաքականության հետ:
Անցյալ տարվա զեկույցում Հայաստանին անդրադարձ չի եղել, և ահա 2022-ին մի փոքրիկ պարբերություն կա այն մասին, որ «նախկին խորհրդային տարածքում հակասեմիտիզմի աճ է գրանցվել Հայաստանում»:
Ըստ զեկույցի, դա առավել նկատելի է հայկական ռուսալեզու Տելեգրամ-ալիքներում, որտեղ օգտատերերը հեգնական և վիրավորական արտահայտություններով են մեկնաբանում «հրեա» եզրույթը:
Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ավելի քան 10 հազար բաժանորդ ունեցող Տելեգրամը Հայաստանում հրեատյացության տարածման նպատակով է կիրառվում վերջին ամիսներին երկրում ապաստանած բազմաթիվ ռուսաստանցիների վրա ազդեցություն գործելու համար:
Արդյո՞ք կա հակասեմիտիզմ Հայաստանում, ինչպե՞ս են դա գնահատում հենց Իսրայելում, որտեղ վերջերս տեղի են ունեցել հարձակումներ հայերի վրա:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, իսրայելահայերի թերթի խմբագիր Արտյոմ Չերնամորյանի փոխանցմամբ` Իսրայելում հայերի հակասեմիտականության թեման քննարկում են միայն ռուսալեզու պարբերականներում, այն էլ՝ Բաքվից հատուկ հանձնարարություն ստացած լրագրողները և Բաքվի նավթադոլարներից «գինովցած» քաղաքական գործիչները:
«Այս տարիների ընթացքում իսրայելական որևէ լրատվամիջոցում չենք տեսել Հայաստանում հակասեմիտականության թեմայով հրապարակումներ: Գուցե Հայաստանում եղել են առանձին մարդկանց կողմից նման հայտարարություններ, բայց նման փաստեր մեզ հայտնի չեն», - ասում է Չերնամորյանը:
Խոսելով հայերի վրա հարձակումների մասին՝ նա բացառեց դրա հետ Հայաստանում ենթադրյալ հրեատյացության հանգամանքի առնչությունը:
«Սա ընդհանրապես կապ չունի, քանի որ նման հարձակումները տասնամյակներ շարունակ եղել են և, ցավոք սրտի, էլի կլինեն, դրանք ուղղված են ոչ միայն հայերի, այլև մյուս քրիստոնյա հարանվանությունների դեմ: Այդ ջարդարարների ասելիքն այն է, որ քրիստոնյաներն օտար են և պետք է հեռանան երկրից», - նշեց Չերնամորյանը:
Այդ հարձակումները սովորաբար որևէ մեկի կողմից ուղղորդված չեն և հախուռն են տեղի ունենում: Որոշ գրոհներ տեղի են ունեցել սոսկ կենցաղային հողի վրա:
Միայն հունվարի 28-ի հարձակումն էր առանձնահատուկ, երբ դիմակավորված գրոհարարները վերադարձել են Երուսաղեմի թաղամաս և փորձել են բարձրանալ Հայոց եկեղեցու պատի վրա, իջեցնել Հայաստանի Եռագույնը և Երուսաղեմի խաչով հայկական սպիտակ դրոշը:
Ըստ Չերնամորյանի, այս աղմուկի պատճառն այն է, որ ի տարբերություհն մյուս հարանվանությունների՝ հայերը կարողանում են հակահարված հասցնել և պաշտպանել իրենց իրավունքներն ու տարածքը:
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության ղեկավարի համոզմամբ՝ այս նոր թափ ստացած բախումների հիմնական պատճառն այն է, որ Իսրայելում իշխանության են եկել ծայրահեղ աջակողմյան ուղղադավան կրոնական կուսակցությունների ղեկավարները:
«Նրանցից մեկն Իտամար Բեն-Գվիրն է: Նա ղեկավարում է անվտանգության նախարարությունը, և նրան է ենթարկվում ոստիկանությունը: Ծայրահեղականները ոգևորված են, նրանք ենթադրում են, որ Բեն-Գվիրի օրոք բոլոր հարցերը կլուծվեն, և Երուսաղեմը «կմաքրվի» արաբներից ու քրիստոնյաներից», - ասաց Արտյոմ Չերնամորյանը: