Նախագահ Զելենսկին այսօր այցելել է Բախմուտի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի առաջապահ դիրքեր, որտեղ վերջին ամիսներին կատաղի մարտեր են ընթանում։
«Ես պատիվ ունեմ այսօր լինել այստեղ, մեր պետության արևելքում՝ Դոնբասում, և պարգևատրել մեր հերոսներին, շնորհակալություն հայտնել ձեզ: Շնորհակալություն պետության ինքնիշխանությունը և Ուկրաինայի արևելքը պաշտպանելու համար։ Ես այսօր շատ ավերածություններ տեսա։ Գլխավորն այն է սակայն, որ այս պատերազմում մենք արդեն հաղթել ենք , և մենք ամեն ինչ կվերակառուցենք դրանից հետո», - ասել է նա։
Ռուսական գրոհների ինտեսիվությունը ռազմի դաշտում, մասնավորապես Բախմուտի մոտ, ամերիկացի վերլուծաբանների և բրիտանացի հետախույզների տվյալներով, նվազել է։ Ավելին, բրիտանական հետախուզության տվյալներով, վերջին օրերին ուկրաինական ուժերը հակահարված են հասցրել Բախմուտից արևմուտք։ Մինչ օրս սակայն ուկրաինական ուժերի համար պահպանվում է շրջափակման մեջ հայտնվելու սպառնալիքը։
Եթե աբաթներ առաջ Արևմուտքում ասում էին, թե ուկրաինացիները հավանաբար պետք է թողնեն Բախմուտը և կենտրոնանան հակահարձակումը նախապատրաստելու վրա, ապա այսօր Սպիտակ տունն հայտարարում է, որ աջակցում է Բախմուտի համար պայքարում Կիևի ջանքերին։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին CNN-ի եթերում հարցին՝ Կիևը չափազանց շատ ժամանակ չի՞ ծախսում Բախմուտի համար պայքարում, պատասխանել է. - «Այսօր արդեն մարտի 21-ն է, և Բախմուտը դեռ չի հանձնվել»:
«Ուկրաինացիները առաջնահերթություն են տալիս այս պայքարին, ռուսների համար էլ այն հստակ կարևոր է: Մենք պետք է համոզվենք, որ նախագահ Զելենսկին ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է պայքարելու համար», - հավելել է ամերիկացի պաշտոնյան։
Քիրբիի խոսքով, առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն պատերազմում:
Բախմուտը ռուսները փորձում են գրավել անցած ամռանից, իսկ փետրվարից «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը ասում էր, թե իր վարձկաններն արդեն քաղաքում են: Ուկրաինական ուժերը սակայն մինչ օրս վերահսկում են քաղաքի կենտրոնական և արևմտյան շրջանները և պնդում են, որ առաջիկայում անցնելու են հակագրոհի։
Մինչ այդ ռուսական ուժերն այս գիշեր և այսօր առավոտյան կրկին ռմբակոծել են Ուկրաինայի բնակավայրերը։ Կիևում, Ժիտոմիրում, Օդեսայում , Զապորոժիեում ավերվել են բնակելի շենքեր։ Այս պահին հայտնի է ութ զոհի մասին խաղաղ բնակիչների շրջանում։
Ուգլեդար քաղաքի մոտ գնտվող Բոգոյավլնեկա գյուղի բնակիչները մինչ օրս չեն հասկանում, թե ինչի համար իրենց ռմբակոծում։
«Չէ՞ որ ռուսները մեր եղբայրներն էին, ի՞նչ ենք արել, ինչի՞ համար են մեզ ռմբակոծում», - ասում է գյուղի բնակիչներից մեկը։
«Ես տրակտորիստ եմ, վաթսունվեց թվականին ծնված։ Երբեք չէի պատկերացնի ,որ նման բան կլինի։ Սիրտս ցավում է... մենք նորմալ ապրում եինք, իսկ այսօր նման սարսափելի վիճակում ենք», - հավելում է նրա համագյուղացին։
Պատերազմը ձայնը սակայն ամեն օր լսում են նաև բռնակցված Ղրիմի և Ռուսաստանի սահմանամերձ մարզերում։
Սևաստոպոլում ռուսների կողմից նշանակված նահանգապետը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումը հետ է մղվել, քաղաքի որոշ շենքերի պատուհաններ են ջարդվել:
Պատերազմը Ուկաինայում պարբերաբար օրակարգ է բերում նաև միջուկային անվտանգության հարցը, այս անգամ միջուկայաին սպառնալիքի մեջ Մոսկվան է մեղադրում է Արևմուտքին։
Երեկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ռազմական օգնության շրջանակներում Լոնդոնը Ուկրաինային մատակարարելու է սպառված ուրան պարունակող զինամթերք, որի ռադիոակտիվությունը ուրանի հանեմատ ավելի քիչ է:
Սրան անմիջապես արձագանքել է Մոսկվան։ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահը նշել էր, որ նման մատակարարումների դեպքում Մոսկվան ստիպված կլինի «պատշաճ կերպով» պատասխանել։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին հերքել է Ուկրաինային սպառված ուրան պարունակող զինամթերք մատակարարելու հետ կապված Պուտինի մեղադրանքները Լոնդոնի հասցեին։ Նրա խոսքով, բրիտանական բանակը տասնամյակներ շարունակ օգտագործում է սպառված ուրան իր զրահաթափանց արկերում: Արտգործնախարարը վստահեցրել է, որ դա ստանդարտ բաղադրիչ է, որը կապ չունի միջուկային զենքի կամ ներուժի հետ:
«Ռուսաստանը գիտակցում է դա, բայց միտումնավոր փորձում է ապատեղեկացնել», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։