Մատչելիության հղումներ

Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման


Բռնակցված Ղրիմի Ջանկոյ քաղաքում հայտարարվել է «արտակարգ իրավիճակ», հայտնել են քաղաքի ռուսական իշխանությունները:

Անցած գիշեր Ջանկոյում պայթյուններ են տեղի ունեցել, ռուսական իշխանությունների հաղորդմամբ, անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ Telegram ալիքներից մեկը հաղոդում է, որ վնասվել է երկաթուղային հանգույցը։

Ջանկոյի մոտ ռուսական ռազմական է տեղակայված, օդանավակայան, մոտակայքում կան մի շարք ռազմական օբյեկտներ և երկաթուղային հանգույց, որն օգտագործվում է ռուս զինվորականների կողմից։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ երկաթուղու պայթյունի հետևանքով ոչնչացվել են ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ։

Միաժամանակ, Կիևն ուղղակիորեն չի հաստատել, որ անօդաչուները ուկրաինական են։

Մինչ այդ կատաղի մարտերը շարունակվում են Դոնբասում՝ Բախմուտի և Ավդեևկայի մոտ։ Ուկրաինացի հրամանատար Դենիս Յարոսլավսկին ասում է, որ իրավիճակը մնում է ծանր, սակայն իրենք մտածում են ոչ թե նահանջի, այլ հակահարձակման մասին. - «Կրիտիկական պահն անցել է, քաղաքի հարավում մեզ հաջողվել է հետ շպրտել ռուսական ուժերին։ Եվ արդեն մոտ է այն պահը, երբ ուկրաինացիներին կհաջողվի գրավել ավելի լավ դիրքեր Բախմուտի մոտ»։

Արևմտյան աղբյուրներն արդեն մի քանի օր է հայտնում են, որ ռուսական հարձակումների ինտենսիվությունը Բախմուտում, որտեղ մեծամասմաբ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ստորաբաժանումներն են կռվում, նվազել է։ Ավելին՝ այսօր «Վագների» ղեկավարի մամուլի ծառայությունը հրապարակել է նրա նամակը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սեգեյ Շոյգուին, որում Եվգենի Պրիգոժինը գրում է, թե Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են շրջափակման մեջ առնել իր վարձկաններին։ Պրիգոժինը բաց նամակում Շոյգուին հորդորում է «կանխել Վագների շրջապատումը Բախմուտում»։ Ընդ որում, օգնություն հայցելով, Պրիգոժինը միաժամանակ գրում է, թե իբր «Վագները» վերահսկում է «Բախմուտի 70 տոկոսը» ։

Պատերազմն Ուկրաինայում արդեն մեկ տարուց ավելի է շարունակվում, հանգուցալուծման որևէ նշան չկա։ Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, թե իբր Վաշինգտոնն է, որ «թույլ չի տալիս» Կիևին մտածել խաղաղ բանակցությունների մասին. - «Վաշինգտոնը, եվրոպական մայրաքաղաքները, բայց առաջին հերթին Վաշինգտոնը պարզապես թույլ չեն տալիս Կիևին նույնիսկ մտածել բանակցությունների մասին»։

Արևմուտքը պարբերաբար հայտարարում է. պետք է պատրաստ լինել, որ պատերազմը Ուկրաինայում կարող է երկար տևել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մասնավորապես, երեկ ասել է, թե չի ակնկալում, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շուտով կավարտվի: Միաժամանակ ընդգծել է, որ Աևմուտքը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը թելադրի խաղաղության պայմանները. - «Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն ու անկախությունը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավորություն չկա՝ առանց ռուսական զորքերի դուրսբերման»։

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա մեկ տարում Եվրամիությունը նախատեսում է Ուկրաինային շուրջ մեկ միլիոն հրետանային արկ մատակարարել։ Այս արկերն անհրաժեշտ են Կիևին հայտարարված գարնանային հակահարձակումը սկսելու համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր հերթին այսօր հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը որոշել է հավելյալ 1,5 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։

Ընդհանուր առմամբ, եվրոպական ընտանիքն արդեն 18 մլրդ եվրո է հատկացրել պատերազմում հայտնված երկրին։

Այսօր Կիև է ժամանել մեծ յոթնյակում նախագահող երկրի՝ Ճապոնիայի վարչապետը։ Ինչպես պաշտոնական աղբյուրներն են հաղորդում, նա անվերապահ աջակցություն է հայտնելու Ուկրաինայի ժողովրդին և իշխանությանը։ Աշխարհի խոշորագույն յոթ տերությունները պատրաստվում են այս տարվա գագաթնաժողովն անցկացնել մայիսին Հիրոսիմայում։ Ըստ ճապոնական լչատվամիջոցների, երկրի վարչապետը մտադիր է այդ հավաքին հրավիրել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG