Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե որոշելով շարունակել Սև ծովի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքները՝ Միացյալ Նահանգները դրդում է ռուսական կողմին հակամիջոցներ ձեռնարկել:
Նա ասել է, թե անցած շաբաթվա ընթացքում Սև ծովում կործանված անօդաչուն հայտնվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» անցկացման կապակցությամբ ռուսների սահմանած թռիչքների արգելման գոտում:
«Ամերիկացիները ցուցադրաբար, ցինիկորեն և ակնհայտ հրապարակային մակարդակով մերժում են այդ քայլի {օդային տարածքում հատուկ ռեժիմ սահմանելու} օրինականությունը, հայտարարում են, թե կշարունակեն իրենց գործողությունները: Մենք նրանց կոչ ենք անում չփորձել խաղալ մեր նյարդերի հետ, պետք չէ չարաշահել մեր համբերությունը», - հայտարարել է Ռյաբկովը:
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը բոլոր միջոցներով կպաշտպանի երկրի անվտանգությունը:
«Ոչ մի ամերիկյան անօդաչու՝ հետախուզական, հարձակողական, ռազմավարական, ինչ էլ լինի՝ կասկածի տակ չի դնի մեր վճռականությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը: