Եվրամիության երկրները պարտավորվել են Ուկրաինայի համար գնել երկու միլիոն եվրոյի զենք։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շեշտել է, որ Եվրամիության նպատակը Կիևին արագ և հնարավորինս մեծ քանակությամբ զենք տրամադրելն է։
Մեծ քանակությամբ զենքն ուկրաինական բանակին անհրաժեշտ է գարնանային հակահարձակումը սկսելու համար։
Չեխիայի նախագահ, նախկին բարձաստիճան զինվորական Պետր Պավելը լեհական մեդիային տված հարցազրույցում հայտարարել է, թե Ուկրաինան կունենա հակահարձակման միայն մեկ փորձ։ Նրա խոսքով, եթե առաջին հակահարձակումը ձախողվի, և Ուկրաինան պարտություն կրի, Կիևի համար հետագայում չափազանց դժվար կլինի ֆինանսավորում ստանալ գրավյալ տարածքները ազատագրելու երկրորդ փորձի համար. - «Եթե պատերազմը ձգձգվի մինչև հաջորդ ձմեռ, չափազանց դժվար կլինի պահպանել օգնության ներկայիս մակարդակը»։
Մինչ ուկրաինական բանակը պատրաստվում է հայտարարված հակահարձակմանը, ռուսները շարունակում են Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը գրավելու փորձերը։ Թեև, ըստ պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետների, ռուսների հարձակման ինտեսիվությունը զգալիորեն նվազել է։
Չնայած հսկայական կորուստներին՝ ռուս զինվորականները չեն կարողանում ավարտել Բախմուտի գրավման գործողությունը։ Այս մասին ուկրաինական հեռուստատեսության եթերում խոսել է նաև Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբի ներկայացուցիչ Սերխի Չերևատին։ Նրա խոսքով, ռուսական ուժերը տակտիկապես չեն կարողանում ավարտել գործողությունը և մարտերը շարունակվում են։
Ընդ որում, քաղաքական առումով պատերազմը Ուկրաինայում Միջազգային քրեական դատարանի ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու մասին կայացրած որոշումից հետո մտել է նոր շրջան, ասում են թե' արևմտյան, թե' ռուսաստանյան փորձագետները՝ հավելելով, որ այն գրեթե անհնար է դարձնում Ռուսաստանի գործող նախագահի հետ բանակցությունները։
Ուկրաինայի նախագահը այն անվանել է պատմական՝ շեշտելով, թե Ռուսաստանը անկասկած պատասխան է տալու Ուկրաինայի տարածքում գործած բոլոր հանցագործույունների համար. - «Սա շրջադարձային պահ է։ Ռուսաստանը պատասխան է տալու Ուկրաինային ուղղված յուրաքանչյուր հարվածի, յուրաքանչյուր ավերված կյանքի, յուրաքանչյուր արտաքսված ուկրաինացի երեխայի համար»:
Պուտինը իրեն ձերբակալելու որոշումից հետո հանգստյան օրերին այցելել է բռնակցված Ղրիմ և առաջին անգամ օկուպացված տարածք՝ Մարիուպոլ։ Քաղաքը ռուսները գրավել են անցած տարի կատաղի մարտերից հետո, ինչի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ ավերվել էր։ Պուտինը երեկոյան անսպասելի այցելել է ռուսների կողմից կառուցված նոր թաղամասը, որտեղ արդեն հավաքվել էին թաղամասի բնակիչները, որոնք, ողջունելով Պուտինին, ասել էին, թե իրենց համար ռուսների կառուցած այս շենքերը դրախտային կղզի է։
Միևնույն ժամանակ, ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում լսվում է, թե ինչպես է մի կին գոռում՝
աա սուտ է, սա բեմականացում է։
Սոցցանցերում Մարիուպոլի բնակիչները նաև այլ հաղորդագրություններ են հրապարակել՝ քննադատելով օկուպացված քաղաք այցելության մասին պաշտոնական տեղեկատվությունը, ասելով, որ շատ տներ դեռևս չունեն ջուր և ջեռուցում, իսկ քաղաքում ավերածությունները մնում են զգալի և տեսանելի ամենուր։
Ռուսական բանակի կողմից Մարիուպոլի շրջափակումը սկսվել էր Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո և տևել 27 օր։ ՄԱԿ-ի տվյալներով, մինչև 350 հազար մարդ ստիպված է եղել լքել քաղաքը։ Պատերազմից առաջ Մարիուպոլում ապրում էր 450 հազար մարդ։
Ռուսաստանցի անկախ փորձագետները ասում են, թե Պուտինը այցը Մարիուպուլ և Ղրիմ փաստացի պատասխան էր Հաագայի որոշմանը։
Մինչդեռ Արևմուտքը Պուտինին ձերբակալելու մասին դատարանի որոշումը ողջունել է։ Ավելին, Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը այսօր ասել է, որ կկատարի Պուտինի կալանավորման պահանջը, եթե նա հայտնվի Գերմանիայում՝ հավելելով․ - «Ես ակնկալում եմ, որ Միջազգային քրեական դատարանը արագ կդիմի ԻՆՏԵՐՊՈԼ-ին, ինչպես նաև մասնակից պետություններին և կխնդրի նրանց կատարել ձերբակալման հրամանը»։
Վլադիմիր Պուտինը «սրտին մոտ չի ընդունում» իր ձերբակալության օրդեր տալու որոշումը և հանգիստ է վերաբերվում դրան, այսօր ասել է նրա մամուլի քարտուղարը՝ հավելելով, թե «նախագահը շարունակում է աշխատել»։
Ու մինչ պատերազմական հանցագործության մեջ կասկածվող Պուտինը աշխատում է, Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր քրեական գործ է հարուցել Հաագայի Միջազգային քրեական դատարանի և դատավորների դեմ, հայտնում է գերատեսչության Թելեգրամ ալիքը։
Քննչական կոմիտեն պնդում է, որ Պուտինի և Լվովա-Բելովայի նկատմամբ հետապնդումը «ակնհայտորեն անօրինական է, քանի որ քրեական հետապնդման հիմքեր չկան»։