Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել, այսօր «Ազատությանը» փոխանցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի իշխանություններին փոխանցված պայմանին, թե «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։
Արմեն Գրիգորյան. - Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն:
«Ազատություն». - Երևանի դիրքորոշումն է, որ չպետք է քննարկվի:
Արմեն Գրիգորյան. - Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն:
Բաքուն, մինչդեռ, պնդում է, թե հայերի իրավունքները և անվտանգությունը կքննարկի միայն որպես Ադրբեջանի ազգային փոքրամասնություն:
«Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ», - ընդգծեց ԱԽ քարտուղարը:
Թե բանակցությունները միջազգային կոնկրետ ինչ մեխանիզմի ներքո պիտի ընթանան, Արմեն Գրիգորյանի խոսքով՝ միջնորդների հեռ դեռ չի քննարկվել։
Արցախում իրավիճակի հնարավոր լարում Անվտանգության խորհրդի քարտուղարը տեսնում է, ոստիկանների սպանությունը, ըստ Գրիգորյանի վկայեց, որ Ադրբեջանը պատրաստակամ չէ իրական բանակցությունների։ Ի վիճակի ե՞ն բախումը կանխել ռուս խաղաղապահները, Գրիգորյանն արձագանքեց. - «Ռուս խաղաղապահներն այնտեղ են, որպեսզի իրենց լիազորությունների շրջանակներում ապահովեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը»:
Ադրբեջանի նախագահը Մյունխենում նաև հայտարարել էր, թե միջազգային ըմբռնում կա, որ Լաչինում անցակետ տեղադրվի, ինչպես որ հայկական կողմն է ցանկանում անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ օրերս Բաքվում օրինական էր որակել Լաչինով փոխադրումները թափանցիկ դարձնելու Բաքվի պահանջը:
«Ես չգիտեմ՝ ինչու է պարոն Կլաարը նման հայտարարություններ անում: Լաչինի միջանցքը կարգավորված է նոյեմբերի 9-ով, և այդ կարգավորումները մինչև առնվազն անցած տարի դեկտեմբերի 12-ին բոլոր պայմանավորվածությունների շրջանակում աշխատում էին: Հայաստանը որևէ հարց չի քննարկել և չի էլ քննարկելու, որովհետև այդ հարցը կարգավորված է, և հավելյալ բանակցելու անհրաժեշտություն չկա», - հավելեց Գրիգորյանը:
ՀՀ-ն խաղաղության պայմանագիր չի պատրաստվում ստորագրել, եթե Ղարաբաղի անվտանգության հարցը լուծված չլինի. ԱԽ քարտուղար
Խաղաղության պայմանագիր Հայաստանը չի պատրաստվում ստորագրել, եթե Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը լուծված չլինի. - «Կամ խաղաղության բանակցություններում, կամ խաղաղության բանակցություններից դուրս միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք պետք է բերվեն, և մեր նաև միջազգային գործընկերների հետ պայմանավորվածությունը հենց այդպիսին է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է վերջնականացնել, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առաջընթաց ունենք, երաշխիքներ կան անվտանգության և իրավունքների ապահովման մասով, և Հայաստանը վստահ է, որ էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում տեղի չի ունենա»:
Առայժմ, սակայն, խաղաղության պայմանագրի երաշխավորների շուրջ չկա համաձայնություն, իսկ անվտանգության մեխանիզմ Երևանը նկատի ունի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմանակացված գոտու ստեղծումը կամ միջազգային ներկայությունը Արցախում:
«Երևանն ունի այդ մտահոգությունը և շարունակում է ունենալ, որ պայմանավորվածությունները չեն իրականացվում Ադրբեջանի կողմից: Ամենամեծ խնդիրն այստեղ է, և նաև սա հաշվի առնելով՝ մենք խաղաղության պայմանագրի ... մեջ ցանկանում ենք, որպեսզի երաշխավորի ինստիտուտ ստեղծենք», - ասաց նա:
Ստացել ենք զրո աջակցություն. Գրիգորյանը՝ Ռուսաստանի մասին
Մոսկվան չի դադարում դժգոհել, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը Ռուսաստանի դեմ է, փորձ Հայաստանն էլ վերածելու Արևմուտք-Ռուսաստանան առճակատման թատերաբեմի։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցնում է՝ քանի անգամ են աջակցության համար դիմել դաշնակիցներին, բայց օգնություն ստացել պայմանագրային պարտավորություններ չունեցող Եվրամիությունից. - «Մենք դիմել ենք, որպեսզի օգնեն Հայաստանի Հանրապետության հենց սուվերեն տարածքը պաշտպանելու և ստացել ենք զրո աջակցություն բառիս բուն իմաստով, նույնիսկ որոշ բաներում Ադրբեջանի նարատիվների օգտագորշում, որը ոչ միայն աջակցություն չէ, այլ նաև հակառակորդին աջակցություն է, և միակ պատճառը, որ մենք հրավիրել ենք Եվրամիության դիտորդներին, որ մեր հանդեպ պարտավորությունները չեն կատարվել, բնականաբար Հայաստանը պետք է փնտրի հավելյալ երաշխիքներ»:
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե այս իշխանության վարած քաղաքականության պատճառով է Ռուսաստանը երես թեքել Հայաստանից, Արմեն Գրիգորյանը իր օրինակն է բերում. - «Լեռնային Ղարաբաղում Արևմուտքը ներկա չէ, բայց այնտեղ մարտի 5-ին ահաբեկչություն է տեղի ունենում, Լաչինի միջանցքը փակ է: Այս դեպքում այնտեղ էլ այսպես կոչված՝ արևմտամետ իշխանություն չկա, բա ինչո՞ւ նույն գրեթե իրավիճակում է Լեռնային Ղարաբաղը»: