Այսօր մեկնարկում է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի երկօրյա այցը Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացնելու հարցը։ Նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ նախատեսված է մարտի 17-ին։
Էրդողանը նշաններ է ցույց տվել, որ Ֆինլանդիայի հայտը կվավերացվի, ու Նիինիստոյի հետ հանդիպմանը այդ մասին խոսելու է։ Երեկ խորհրդարանում ոտքի վրա պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենց խոստումը կպահեն. - «Մենք անհրաժեշտ ընթացակարգերը, մեր բաժինը կանենք և կպահենք մեր խոստումը։ Մենք կհանդիպենք պարոն նախագահին և ինչ անհրաժեշտ է կանենք»:
Ակնկալվում է, որ մինչև ապրիլի կեսերը Թուրքիայի խորհրդարանն արձակուրդ կգնա։ Մայիսի կեսին Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են։
Էրդողանի գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ֆինլանդիայի նախագահի այցի ընթացքում մայիսի 17-ին Ստամբուլում քննարկվելու են Թուրքիա-Ֆինլանդիա հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։
Ֆինլանդիան ու Շվեդիան ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերը միասին վավերացվեն, սակայն վերջերս Անկարան ակնարկել էր, որ Հելսինկիի հայտը առանձին հնարավոր է բավարարվի։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը երեկ Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցել Օլաֆ Շոլցի հետ։ Համատեղ ասուլիսում Շվեդիայի վարչապետն ասել է. - «Մենք կարծում ենք, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է այդպես կարծում, որ մենք պատրաստ ենք վավերացմանը, բայց հարգում ենք, որ Թուրքիայի որոշումը կարող է կայացնել միայն Թուրքիան»: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի ընտրություններից հետո վավերացման գործընթացն արագորեն կկատարվի:
Գերմանայի կանցլերն ասել է, թե միանշանակ հստակ է, որ ողջունում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: «Մենք ցանկանում ենք, որ նրանք երկուսն էլ դաշինքի անդամ դառնան շատ շուտ, և մենք առաջարկել ենք մեր աջակցությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով արագացնելու գործընթացը», - հայտարարել է Շոլցը՝ նշելով, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի ընդհանուր անվտանգությունը:
Ռազմական դաշինքներին միանալու հարցում ավանդաբար չեզոքություն ցուցաբերած Շվեդիան և Ֆինլանդիան, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո մտահոգվելով սեփական անվտանգությունն ապահովելու խնդիրներով, անցած տարվա մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին։
Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ անդամակցող երկրների հայտը պետք է վավերացվի բոլոր անդամների կողմից, սակայն 30 անդամներից միայն Թուրքիան ու Հունգարիան մինչև հիմա չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը։ Անկարան նախապայմաններ է առաջ քաշել՝ պահանջելով այնտեղ ապաստանած քուրդ ակտիվիստների ու գյուլենականների, որոնց ահաբեկիչներ է համարում, արտահանձնումը Թուրքիային։
Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքն ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։ Ստոկհոլմն ակնկալում է, որ մինչև հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլուծվի նաև իր հայտը վավերացնելու հարցը։