Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն Արևմուտքին մեղադրել է երկերեսանիության ու Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար


Թուրքիայի արտգործնախարարն այսօր մեղադրել է Արևմուտքին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Գերմանիային երկերեսանիության, անազնվության ու երկրի ներքին գործերին միջամտելու համար։

Կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունները սրվել են անցած շաբաթվանից, երբ արևմտյան մի շարք պետություններ հայտարարեցին, թե ժամանակավորապես փակում են Ստամբուլում գործող իրենց դիվանագիտական առաքելությունները, մյուսներն էլ հորդորեցին իրենց քաղաքացիներին այդ երկիր չգնալ՝ ահաբեկչության վտանգի պատճառով։

«Նրանք ասում են, թե կոնկրետ տվյալներ ունեն, բայց որտեղի՞ց, ինչի՞ մասին։ Մեր Ներքին գործերի նախարարությունն ասում է, որ օտարերկրյա գործընկերները մեզ որևէ հստակ տեղեկատվություն չեն փոխանցել, ինչը նշանակում է, որ դիվանագիտական առաքելությունները փակելով՝ նրանք ակնհայտորեն այլ նպատակներ են հետապնդում։ Եթե ինչ-որ մեկը փորձում է կարծիք ձևավորել, թե Թուրքիան անվտանգ վայր չէ, և այնտեղ ահաբեկչական վտանգներ կան, պիտի ընդգծեմ՝ դա հակասում է դաշնակցային ու բարեկամական հարաբերությունների ոգուն», - այսօր հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն։

Երեկ երեկոյան էլ Թուրքիայի արտգործնախարարությունը ի նշան բողոքի փակ հանդիպման էր կանչել բոլոր այդ՝ 9 երկրների դիվանագետներին։

Արևմուտքը որպես պատճառ Եվրոպայում վերջին շաբաթներին Թուրքիայի ու իսլամի դեմ կազմակերպված բողոքի ցույցերն է վկայաբերում։ Անցած ամիս, մասնավորապես, ծայրահեղականները մի քանի անգամ այրել էին Ղուրանը թուրքական դեսպանատների մոտ, քրդերն էլ Ստոկհոլմի կենտրոնում գլխիվայր կախել էին նախագահ էրդողանի խրտվիլակը ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը արգելափակելու՝ Անկարայի որոշմանն ի պատասխան։

Գերմանիայի դեսպանատունը այս միջադեպերից հետո հայտարարել էր, թե մտավախություն ունի, որ Թուրքիայում վրեժխնդրության ակցիաներ կարող են լինել, և այդ պատճառով է փակել հյուպատոսությունը։ Ամերիկայի դեսպանատունն էլ հորդորել էր իր քաղաքացիներին հեռու մնալ Թուրքիայում գտնվող եկեղեցիներից ու այլ հավաքատեղիներից։

Չավուշօղլուն, սակայն, այսօր պնդել է, թե իրականում Արևմուտքի օրակարգում անվտանգությունը չէ գլխավոր խնդիրը, հավելելով. - «Նրանք նպատակաուղղված փորձում են հարվածել մեր վարկանիշին՝ մայիսյան ընտրություններից առաջ, ուզում են թուլացնել նախագահ Էրդողանի, կառավարության դիրքերը, բայց չեն հաջողի։ Մեր ժողովուրդը փայլուն գիտակցում է նման քայլերի դրդապատճառները, ուստի գործընկերներից անկեղծ ու ազնիվ մոտեցում ենք պահանջում»։

Չավուշօղլուն անգամ պնդել է, թե Անկարան տեղեկություններ ունի, որ կոնկրետ երկրներ դիմել են գործընկերներին և համոզել, որ միանան իրենց այս հակաթուրքական արշավին։ Թե որոնք են այդ երկրները՝ չի մանրամասնել։

Մինչ այդ Անկարան ևս մեկ նախազգուշացում է ստացել, այս անգամ՝ ամերիկյան Կոնգրեսից։ Հանրապետական ու դեմոկրատ սենատորները, մասնավորապես, հայտարարել են, թե Կոնգրեսը հավանություն չի տա Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու 20 միլիարդ դոլարանոց ծրագրին, քանի դեռ Անկարան համաձայնություն չի տվել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ստոկհոլմն ու Հելսինկին անցած տարի են ներկայացրել ՆԱՏՕ-ին միանալու հայտը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։ Մոտ մեկ տարի է, սակայն, Անկարան, խոչընդոտներ է ստեղծում՝ երկու երկրներից պահանջելով մի շարք զիջումներ, այդ թվում՝ Քրդական աշխատավորական կուսակցության ավելի քան հարյուր անդամների արտահանձնելու մասով։

XS
SM
MD
LG