Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակության հարցում հարկ է անցկացնել լրացուցիչ քննարկումներ:
Նա ասել է, որ Fidesz (Հունգարական քաղաքացիական դաշինք) ազգայնական իշխող կուսակցության պատգամավորներին կոչ է արել հավանություն տալ սկանդինավյան երկու երկրների դիմումներին, բայց և ավելացրել է, թե դեռ կան չպարզաբանված խնդիրներ:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, նրանք մեր դաշնակիցներն են, ուստի մենք պետք է լսենք նրանց ձայնը, գուցե այն պատճառով, որ մենք ավելի մոտ ենք նրանց, քան ՆԱՏՕ-ի այլ անդամներ, նրանց ձայնը մեզ ավելի հստակ է հասնում»,- ասել է Օրբանը:
Հունգարիայի խորհրդարանը պետք է հաջորդ չորեքշաբթի օրը լիագումար նիստում անդրադառնա ՆԱՏՕ-ի հարցով սկանդինավյան երկրների հայտերին:
Վարչապետի փոխանցմամբ, որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել, թե Ռուսաստանի հետ մոտ հազար կիլոմետր երկարությամբ սահման ունեցող Ֆինլանդիայի անդամակցումը կարող է սպառնալ ՆԱՏՕ-ի մյուս երկրների անվտանգությանը:
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների օրենսդիր մարմինները վավերացնեն դիմումները:
Թուրքիան առարկություններ ունի հատկապես Շվեդիայի պարագայում, պնդելով, թե այդ երկիրն ապաստան է տալիս քուրդ-ահաբեկիչներին և մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին: