Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է՝ համակարգային կոռուպցիա չկա, Իոաննիսյանը հակադարձում է՝ համակարգային չկա, համատարած կա


«Համակարգային կոռուպցիա չկա», - երեկվա իր ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ պնդելով, թե կոռուպցիոն բացահայտումներն են շատացել։

«Ինչը կարող է նշանակել և, այո՛, նշանակում է նաև, որ կոռուպցիան շատացել է, բայց հենց համակարգային կոռուպցիա եթե լիներ, էդ բացահայտումները չէին լինի, որովհետև էդ համակարգային կոռուպցիան պիտի նշանակեր, որ ես դրանից փայ ունեմ», - ասաց Փաշինյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն արձագանքում է՝ համակարգային կոռուպցիա, ինչպես 2018-ից առաջ էր, չկա, բայց, ըստ նրա, կա համատարած կոռուպցիա, ընդհուպ մինչև պետական բարձր օղակներում։

«Տեսնում ենք, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվում մարդ, ով հարյուրավոր օրեր կեղծ գործուղումներ է գնացել, բյուջեի փողը ստացել է, հետո էդ գումարը վերադարձրել է, դատելու փոխարեն նշանակում են Հակակոռուպցիոն դատարանի նախագահ։ Տեսնում ենք, որ շատ երևույթների նկատմամբ կա շատ լոյալ վերաբերմունք», - ասաց Իոաննիսյանը։

Վարչապետին լրագրողները երեկ հարցեր տվեցին նաև իր քաղաքական թիմի անդամների ձեռք բերած անշարժ գույքերի մասով։ Լրագրողները հետաքրքրվեցին, օրինակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ինչպե՞ս է կարողացել անցյալ տարվա ամռանը 168 հազար դոլարով Երևանում 165 քառակուսի մետր բնակարան ձեռք բերել, այն դեպքում, երբ այդ բնակարանն այսօր 412 հազար դոլար արժե։

Փաշինյանը պատասխանեց՝ 25 հազար մարդ, 2018 թվականից սկսած, և՛ս բնակարան է ձեռք բերել Հայաստանում՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձից։ Վարչապետն ընգծեց՝ պաշտոնյաները հաշվետվություն են ներկայացնում իրենց ֆինանսական միջոցների, անգամ ծախսերի մասով։

Վարչապետը լրագրողներին ու լրատվականների ղեկավարներին հիշեց․ - «Շատ լավ, եկեք դիտարկենք, օրինակ, լրատվամիջոցների ղեկավարներն ինչ տներ են առել։ Անցած տարվանից ուզում եմ մեր բնակարանը վաճառեմ, որ ես էլ փորձեմ օգտվել, եթե կարելի է, բայց դեռևս չի հաջողվել։ Իրավապահ մարմիններին հրահանգելու կարիք չկա, բայց, եթե դա ձեզ պետք է, ուղիղ հրահանգում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները», - ասաց Փաշինյանը։

Լրագրողը հիշեցրեց՝ բնակարանը ձեռք է բերվել նախկին ՀՀԿ-ական պատգամավորի կառուցապատման ընկերությունից, նրա որդին բանակից խոսափելու համար անցել է քրգործով, բայց, հետո դա կարճվել է ու «Քաղաքացիական պայմանագիրը» վերջինս նշանակել է Ջերմուկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, հետո դարձել ղեկավար։

Փաշինյանն արձագանքեց՝ դա ի՞նչ է փոխում այս խոսակցության մեջ։

Թե ինչ է փոխում, Դանիել Իոաննիսյանն է բացատրում․ - «Սուրեն Պապիկյանին 50-100 մլն դրամի զեղչ է արվում բնակարանի գնի մեջ։ Ձեզ 50-100 մլն դրամի զեղչ կանե՞ն, ռադիոլսողներից ո՞ր մեկին 50-100 մլն դրամի զեղչ կանեն, ոչ մեկին, ձրի միայն մկան թակարդում պանիրն է լինում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG