Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն Ավան վարչական շրջանի պաշտոնյայի առերևույթ կաշառառության դեպքեր է բացահայտել


Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու բազմադրվագ դեպքեր բացահայտելու մասին:

ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում փաստական տվյալներ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, «նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023-ի փետրվարի 17-ն կառուցապատման աշխատանքներով զբաղվող քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ [...] կաշառք տված անձանց օգտին ապօրինի գործողություններ կամ անգործություն կատարելու համար, ինչպես նաև նույն նպատակներով ընդունել են տնտեսվարողների կողմից կաշառք տալու առաջարկը», ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Հերթական անգամ փետրվարի 17-ին Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, «իր իշխանական լիազորություններն օգտագործելով Ավան վարչական շրջանում կառուցապատման աշխատանքներ կատարող Բ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի «MS 922 MS» վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենայում 500.000 ՀՀ դրամ գումար ստանալուց և տարադրամի փոխանակման կետում այն դոլարի փոխարկելուց հետո, կաշառք տված անձի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել են»։

Դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG