Մատչելիության հղումներ

Հասանով․ «Հայկական անօրինական ուժերի համար ռազմական բեռների տեղափոխումն անթույլատրելի է»


«Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները, ինչպես նաև անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են», - այսօր Բաքվում, Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Դիմելով իր ենթականերին՝ Հասանովը հատուկ ընդգծել է, որ «հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների մշտադիտարկումը պետք է շարունակվի»։

«Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով նաև թե «ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական գործողությունները՝ ցանկացած սադրանք կանխելու համար»։

Բաքվում կայացած խորհրդակցությանը զուգահեռ Ադրբեջանի ՊՆ իր պաշտոնական կայքում ևս մեկ տեսանյութ է զետեղել, որում, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված է ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ մուտք գործող հայկակական ռազմական մի բեռնատար։

Երևանն այսօր հերքել է ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ Բաքվի պնդում՝ շեշտելով՝ «դրանք կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»։

XS
SM
MD
LG