Մատչելիության հղումներ

Բայրամով. «Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակում գրել է, թե «Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»:

Այդ նամակով Բայրամովն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը:

«Արտաքին գործերի նախարարը նամակում նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լաչինի ճանապարհին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաների համար և չի կարող ուժով սահմանափակել բողոք հայտնելու նրանց օրինական իրավունքը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ Բայրամովը գրել է, իր ներկայացմամբ, «Հայաստանի կողմից Լաչինի միջանցքը չարաշահելու դեպքերի մասին» և պնդել, թե Ադրբեջանը երաշխավորում է ճանապարհի անվտանգությունը:

Բայրամովի պնդմամբ, ոչ կառավարությունը և ոչ էլ ցուցարարները չեն խոչընդոտում երթևեկությունը:

Բայրամովը Գուտերեշին գրել է, որ ճանապարհով անարգել անցնում են Կարմիր խաչի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մեքենաները:

Նա նաև գրել է, որ Ադրբեջանն առաջարկել է անցակետեր տեղադրել Լաչինի ճանապարհին, «և այն, որ հայկական կողմը դա մերժել է, վկայում է, որ Երևանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»:

Հայաստան Արցախին կապող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Երևանի համար շարունակում է անընդունելի լինել։

«Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»,- «Ազատությանը» ավելի վաղ փոխանցել էր արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը մյունխենյան բանակցություններից հետո էր անցակետ դնելու գաղափարը հնչեցրել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան հայտարարել էր՝ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ:

Միջանցքը փակ է արդեն երեք ամիս։

XS
SM
MD
LG