Մատչելիության հղումներ

Պետքարտուղարի տարածաշրջանային հարցերով խորհրդականը դարձյալ մեկնել է Բաքու


Բաքու կատարած այցից ընդամենը չորս օր անց Հարավային Կովկասի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի ավագ խորհրդականն այսօր դարձյալ ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Լուիս Բոնոն տարածաշրջանային այցով Բաքվում էր մարտի 6-ին, մեկ օր անց նա ժամանեց Երևան։

Հայաստանում ու Ադրբեջանում ամերիկացի դիվանագետը հանդիպել էր երկրների ղեկավարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատնից «Թուրան» գործակալությանը հայտնել են, որ Բոնոն Բաքու է վերադարձել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման համար։ Ամերիկացի դիվանագետի առաջին այցի ժամանակ Բայրամովը երկրում չէր։

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն այսօր քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ բանակցային գործընթացը, առաջնորդների Մյունխենյան հանդիպմանը ծագած հարցերը, դեպի Նախիջևան անխափան երթևեկության ապահովումը, ինչպես նաև դելիմիտացիայի հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։

«Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, ամբողջովին չի հանել իր զորքը Ադրբեջանի տարածքից, շարունակում է ռազմական սադրանքները։ Միաժամանակ, նախարարը Բաքվի դիրքորոշումն է ներկայացրել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման վերաբերյալ», - նշված է հաղորդագրությունում։

Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Բոնոյի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտոնյաները ներկայացրել էին հումանիտար ճգնաժամն Արցախում Լաչինի միջանցքի արդեն երեք ամիս փակ լինելու պատճառով, ինչպես նաև միջանցքը բացելու մասին Հաագայի դատարանի որոշման չկատարմանն Ադրբեջանի կողմից։

Ամերիկացի դիվանագետը կարևորել էր Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները՝ շեշտելով՝ իր այցի նպատակը կողմերի երկխոսությունն է։

«Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասել էր նա։

Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը, շեշտել էր Բոնոն։

XS
SM
MD
LG