Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարևոր է որակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի երեկվա հայտարարությունը Բեռլինում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, միևնույն ժամանակ շեշտելով՝ պետք է նաև ռիսկերը դիտարկել։
Շոլցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից՝ Գերմանիայի կանցլերն երկու անգամ շեշտել է՝ ինչպես տարածքային ամբողջականությունն, այնպես էլ ինքնորշման իրավունքը հավասարազոր են։
Շոլցի այս հայտարարությունն իր մեջ նոր բան պարունակում է վերջին երկու տարիների իրողությունների համատեքստում, ասաց Բադալյանը՝ նկատելով՝ Գերմանիայի կանցլերը կրկնում է այն, ինչ տրամաբանությամբ ընթացել է խաղաղ կարգավորումն ավելի քան երկու տասնամյակ և որը, մեծ հաշվով, փորձում է պատմության գիրկն ուղարկել Ալիևը։
«Շոլցի հայտարարությունը վկայում է, որ դա այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չի լինելու Ադրբեջանի ղեկավարի համար», - ասաց Բադալյանը։
Ընդգծելով, որ Գերմանիան մտածում է իր միջազգային դերակատրումը բարձր պահելու մասին՝ քաղաքական վերլուծաբանը շեշտում է՝ Հայաստանը պետք է խորքային մոտիվները դիտարկի՝ հասկանալու համար, թե այդ հայտարարությունը որքանով է ի վիճակի սպասարկել Գերմանիան հենց ինքը և, այս համատեքստում, ինչպիսի հնարավորություններ է բացում հայկական դիվանագիտության համար և միևնույն ժամանակ ինչպիսի մարտահրավերներ կարող է պարունակել։
«Որովհետև այդպիսի հայտարարությունները կարող են խթանել կոշտ քայլեր նույն Ադրբեջանից, նրա դաշնակիցներից, և էս պարագայում, եթե Գերմանիան ինքը չի կարողանում սպասարկել իր հայտարարությամբ սահմանված նշաձողը, սա արդեն կարող է բերել հակառակ էֆեկտի։ Այսինքն՝ էս ռիսկերը ևս կան և սրանք էլ պետք է դիտարկել, կրկնեմ, ընդգծեմ, որ իր ամբողջ կարևորությամբ և օգտակարությամբ հանդերձ, որ կարող է ունենալ հայտարարությունը», - եզրափակեց Բադալյանը։