Պաշտոնական Երևանը անհիմն է որակում Բաքվի պնդումները, թե Հայաստանը խախտել է Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունները և պետք է խոշոր գումար փոխհատուցի՝ շուրջ 30 տարի «Ադբրեջանի տարածքում էներգետիկ ռեսուրսները անօրինականորեն շահագործելու համար»։
Բաքուն դիմումը ներկայացրել է օրեր առաջ՝ պնդելով, թե 1991 թվականից մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել՝ արտադրված էլեկտրաէներգիան արտահանելով Հայաստան։
«Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ միասնական էներգետիկ համակարգ է ձևավորել», - արբիտրաժային դատարան ներկայացած դիմումի մեջ պնդել է Բաքուն՝ չմանրամասնելով, թե որքան գումար է պահանջում Երևանից։
Հայկական կողմն իր դիրքորոշումը դեռ չի մանրամասնում
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը առայժմ միայն ափսոսանք է հայտնել, որ Բաքուն փորձում է առաջ մղել այս օրակարգը։
Երկու երկրերը միջազգային պայմանագրին միացել են մոտ քսան տարի առաջ՝ պարտավորվելով ապահովել էներգետիկ շուկայի անվտանգությունը, ներդրողերի իրավունքները։
Ըստ այդ պայմանագրի, կողմերի միջև վեճերը պետք է լուծվեն արբիտրաժային դատարանում, ասում է այդ գործերով փաստաբան Հայկ Հովհաննիսյանը. - «Խարտիան դա արևելքի և արևմուտքի միջև էներգետիկ համագործակցությունը խրախուսելու մասին քաղաքական հռչակագիր է, և էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության սկզբունքների արտահայտնությունն է՝ հիմնված էներգիայի հուսալի մատակարարման և կայուն տնտեսական զարգացման ընդհանուր շահի վրա»։
Խարտիան հնարավորություն է տալիս լուծել թե' պետությունների, թե' կառավարությունների և ներդրողների միջև առաջացած վեճերը։ Ադրբեջանի ներկայացրած հայցը քննելու համար առաջիկա ամիսներին Հաագայում կստեղծվի երեք հոգուց բաղկացած տրիբունալ։ Հայաստանը երկու ամսվա ընթացքում կնշանակի իր ներկայացուցչին։
«Երեք արբիտրներից բաղկացած տրիբունալ. Ադրբեջանը նշանակելու է իր արբիտրին, հայկական կողմը՝ իր, և պետք է նաև ընտրել նախագահողին», - փոխանցեց Հովհաննիսյանը։
Մասնագետնեերը պնդում են, թե քանի դեռ Ադրբեջանը չի հրապարակել իր հիմնավորումները, դժվար է ասել, թե արդյոք դրանք համապատասխանում են էներգետիկ խարտիայի կանոններին։
Այս գործերով փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով, առաջին հայացքից Բաքվի պահանջները հիմնավոր չեն. - «Էներգետիկ խարտիայի նպատակը չի միջպետական անվտանգային, միջպետական ուժի օգտագործման, պայմանական գրավելու, ազատագրելու և նման կոնցեպտներ՝ պետությունների գոյության և չգոյության հարցերը քննարկել։ Էներգետիկ խարտիայի նպատակները և Էներգետիկ խարտիան որպես փաստաթուղթ լրիվ ուրիշ ոլորտի և լրիվ ուրիշ հարաբերություններ է կարգավորում։ Այն է՝ էներգետիկայի ոլորտում պետությունների համագործակցությունը և խթանումը ներդրումների։ Դրա համար, օրինակ, ունի հատուկ կարգավորումներ՝ ներդրողների պաշտպանությունը, համակարգի կայուն զարգացումը։ Ընդ որում, էներգետիկան մի քիչ լայն իմաստով է դիտարկվում»։
Հայկական կողմն էլ իր հերթին է բողոք նախաձեռնել։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մոտ երկու տասնյակ ՀԷԿ-երի սեփականատերերը պնդում են, որ Բաքուն 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առգրավել և յուրացրել է իրենց սեփականությունը։
Ներդրողների ներկայացուցիչներից մեկը ՀՀԿ-ի օրոք Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն է։ Նա ևս չբացեց փակագծերը, թե կոնկրետ ինչքան գումարի փոխհատուցում են պահանջում Ադրբեջանից։ Ասաց, որ անցած երկու ամսում հասել են նախնական հաղորդակցության փուլ, և եթե հաղթելու շանսերը մեծ չլինեին, ընդդեմ Ադրբեջանի հայց չէին ներկայացնի. - «Այս ընթացքում Ադրբեջանը նշանակել է իր ներկայացուցիչներին, և հաջորդ փուլը լինելու է երկկողմ ներկայացուցիչների հանդիպումը և քննարկումը։ Եվ եթե այն որևէ հաջողությամբ չպսակվի, ապա դրանից հետո նոր խոսք կգնա արբիտրաժային գործընթացը նախաձեռնելու մասին»։
Արբիտրաժային դատարանի որոշումները բեկանման ենթակա չեն, լսումները կարող են տևել մի քանի տարի։