Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին ընդլայնել Արցախին հատկացվող աջակցությունը


Ամերիկայի Հայ դատի գրասենյակն ամերիկյան իշխանություններին կոչ է անում ընդլայնել Արցախին հատկացվող աջակցությունը 2024 թվականին՝ այն հասցնելով 75 միլիոն դոլարի՝ հաշվի առնելով արդեն գրեթե երեք ամիս ձգվող շրջափակումը, 2020-ի պատերազմի հետևանքները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ, արդեն հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը կսկսի 2024-ի բյուջեի քննարկումները։

«Դժբախտաբար, Ամերիկայի արտգործնախարարությունը կտրել է մարդասիրական օժանդակությունը դեպի Արցախ, միայն մի փոքր բաժին է տրամադրում ականազերծման աշխատանքների համար։ Նկատի ունենալով շրջափակումը, հաշվի առնելով 2020-ի պատերազմը, նկատի ունենալով Ադրբեջանի կառավարության շարունակական ճնշումը և հարձակվողական կեցվածքն Արցախի հանդեպ, այդ գումարը պետք է բարձրանա», - «Ազատությանը» փոխանցեց Չուլջյանը։

Միացյալ Նահանգներն այս տարվա բյուջեով Հայաստանին 60 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսել՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արդյունավետության, էներգետիկ անվտանգության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ծրագրերի համար։

Բայդենի վարչակազմը 24 միլիոն դոլար էր նախատեսել նաև 2022-ի համար, սակայն Կոնգրեսն, ի վերջո, այդ գումարը կրկնապատկել էր՝ հասցնելով 45 միլիոն դոլարի, միաժամանակ, օրենսդիրները նաև 2 միլիոն դոլար էին հատկացրել Արցախին՝ ականազերծման համար։

Հայ դատի հանձնախումբը կարծում է, որ ակնկալվող 75 միլիոն դոլարով հնարավոր կլինի նպաստել տեղահանվածների, Արցախի էներգետիկ անվտանգության, կրթության, առողջապահության, սննդի, ինչպես նաև ականազերծման խնդիրների լուծմանը։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արդեն սկսել է աշխատել թե՛ կոնգրեսական ղեկավարների հետ, թե՛ անշուշտ շարունակում ենք երկխոսությունը Ամերիկայի գործադիր մարմնի հետ, որպեսզի ընդլայնենք օժանդակությունը դեպի Արցախ և շարունակենք օժանդակությունը դեպի Հայաստան, որ կարողանան Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ճնշումները վերացնել», - ասաց Չուլջյանը։

Ի՞նչ ակնկալիքով է Հայ դատի գրասենյակը այսչափ մեծ գումար խնդրում ԱՄՆ իշխանություններից՝ հաշվի առնելով անցած տարիների կրճատումները, էլիզաբեթ Չուլջյանը պատասխանեց՝ այս դեպքում մատնանշում են Ադրբեջանի հարձակողական կեցվածքը, պարբերական ճնշումները Արցախի նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG