Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը, կարևորելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան, պատրաստվում է դիմել Նենսի Փելոսիիի գրասենյակին՝ Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցներ կիրառելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
«Եվ հիմա շարունակում ենք աշխատել թե՛ խոսնակի գրասենյակի հետ, թե՛ կոնգրեսական ղեկավարության հետ՝ տարբեր բանաձևերի ուղղությամբ, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն ադրբեջանական կառավարության վրա իրենց հարձակումների համար և անմիջապես կանգնեցնել ամերիկյան ռազմական աջակցությունը դեպի Ադրբեջան։ Մենք զբաղվում ենք ամերիկյան աղբյուրներով, զենք վաճառելու հարցը, ռազմական օժանդակություն ուղարկելու հարցը մեր սեղանի վրա է, ներկայումս քննարկվում է», - ասաց Չուլջյանը։
Այս հարցը արդեն երկար ժամանակ Հայ դատի հանձնախմբի սեղանին է դրված։ Խոսքը «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման մասին է։
2023-ի բյուջեի նախագծով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից:
Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Միացյալ Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է «Ազատության աջակցության» բանաձևի 907-րդ կետը:
«Փելոսիի այցը Հայաստան շատ կարևոր էր, որովհետև իրականում կփորձեր ճշտել ամերիկյան քաղաքականությունը, որ դժբախտաբար իր ճիշտ թիրախին չի հասել, քաղաքականություն, որ դժբախտաբար ամերիկյան ռազմական օժանդակություն կուղարկեր դեպի Ադրբեջան, երբ որ հստակորեն Ասրբեջանի կառավարությունը ցանկանում էր ռազմական միջոցներով լուծել արցախյան հարցը նույնիսկ թիրախել Հայաստանին, ինչպես վերջին շաբաթներին», - ասաց Չուլջյանը։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը, որ դեպի Հայաստան Ներկայացուցիչների պալատի խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում էր, երեկ ևս հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին։
Բառացիորեն օրեր առաջ էլ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էր դիմել նախագահ Բայդենի վարչակազմին՝ կոչ անելով դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։
Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել էր, որ Միացյալ Նահնագները չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։