Չորս՝ Հայաստանին և տարածաշրջանին առնչվող կետերից առաջինը պահանջ է հետաքննելու Ադրբեջանի գործողությունները պատերազմի ընթացքում, մասնավորապես Արցախում սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների օգտագործման, ինչպես նաև օտարազգի ահաբեկիչների հավաքագրման վերաբերյալ։
«Մենք գիտենք ինչ է պատահել 2020-ի պատերազմում, ներկայացնենք, որ աշխարհը իմանա ինչ է պատահել: Այս ամենը պետք է նշվեն, հստակորեն տեղեկագրի մեջ դրվի ու անշուշտ այդ տեղեկագիրը միայն որպես տեղեկագիր բավարար չէ, պետք է հաջորդ քայլը արվի, որ պատժամիջոցներ լինեն», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Եղսաբեթ Չուլջյանը:
Այս փոփոխություններին ընդունման համար պայքարած Եղսաբեթ Չուլջյանի խոսքով, նախ ցանկանում են, որ տեղի ունեցածը մանրամասն հետաքննվի, ապա կսկսեն խոսել պատժամիջոցների մասին։
Ազգային անվտանգության հատկացումների ակտում ընդունված հաջորդը կետը կոչ է ուղղված Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին։
«Ընդամենը կոչ է, ընդամենը պահանջ է, որը պարտադիր չի որևէ պետության, այդ թվում նաև, բնականաբար, Ադրբեջանի համար», - ասաց փորձագետ Սուրեն Սարգսյանը:
Ներկայացուցիչների պալատի ընդունած հաջորդ կետը պահանջում է պարզելու՝ արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառումը կամ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը պատերազմից հետո։
Փորձագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ ԱՄՆ-ն ռազմական օգնություն Ադրբեջանին տալիս է Կասպից ծովում անվտանգային հարցեր լուծելու համար. - «Խոսքը գնում է Կասպից ծովի մասին և վերաբերելի է բացառապես Իրանի և Ադրբեջանի ծովային սահմանին, սա շատ կարևոր պահ է ու պետք է զեկույց ներկայացվի՝ արդյոք այդ զինատեսակները կամ այդ օգնությունը, որը տրամադրվել է Ադրբեջանին օգտագործվել է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ, թե չէ»:
Ընդունված 4-րդ փոփոխությունը Թուրքիայի դաշտում է։ Ներկայացուցիչների պալատը ցանկանում է սահմանափակել Անկարային ամերիկյան F-16 կործանիչների և դրանց արդիականացման փաթեթների վաճառքը։
«Ներկայացուցիչների պալատի հիմնական նպատակը էդ խոչընդոտը ձևավորելն է օրենքի միջոցով, որպեսզի Բայդենը չկարողանա իր խոստումը կատարել, ինչպես ամերիկյան մամուլում գրվեց, և չտրամադրի Թուրքիայի F-16 կործանիչները», - նշեց փորձագետը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին, գործընկերներին ու ակտիվիստներին, որոնք հնարվոր են դարձրել այս փոփոխությունների ընդունումը։ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ սա առաջին հերթին Հայ դատի ու ամերիկահայ համայնքի հաղթանակն է։
«Բացառապես լոբբիստների աշխատանքի արդյունք է, ոչ միայն հայ լոբբիստների, այլ նաև որոշ ուղղություններով մեր լոբբիստների օժանդակում են հույն և Կիպրոսի լոբբիստները, սա բացառապես լոբբիստական ջանքերի արդյունք է, այստեղ որևէ աշխատանք չի տարվել Արտգործնախարարության կողմից, որևէ աշխատանք չի տարվել մեր դեսպանության կողմից», - ընդգծեց Սարգսյանը:
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը շեշտում է՝ բոլոր այս ջանքերի նպատակը Հայաստանի ու Արցախի անվտանգությունն է:
«Երբ որ ասում եք սրանք հաղթանակներ են Հայ դատի հանձնախմբի համար կամ ամերիկահայ գաղութի համար, այո, բայց իրականության մեջ, ի վերջո, սրանք հաղթանակներ են Հայաստանի անվտանգության համար, հաղթանակներ են Արցախի անվտանգության համար: Այս է, որ քննարկվում է, անձնական կամ կազմակերպական, գաղութական հաղթանակների մասին մենք իրականում հետաքրքրված չենք: Հաղթանակը կլինի, երբ Արցախի ժողովուրդը անվտանգ կկարողանա ապրել իր հողի վրա, հաղթանակ կլինի, երբ Հայաստանի ժողովուրդը չի ունենա հազարից ավելի ադրբեջանական զինվորներ իր հողի վրա», - ասաց Եղսաբեթ Չուլջյանը:
Ներկայացուցիչների պալատի ընդունած փոփոխությունները սեպտեմբերին կմտնեն վերին պալատի՝ Սենատ, որտեղ ևս հաստատվելու դեպքում դրանք օրենքի ուժ կստանան։
Եղսաբեթ Չուլջյանը նկատում է՝ Թուրքիան և Ադրբեջանը այժմ ջանքեր չեն խնայում փորձելու տապալել փաստաթղթի ընդունումը Սենատում։