Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը 2023-ին Հայաստանին 24 մլն դոլարի աջակցություն է նախատեսում, Հայ դատը հիասթափված է


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հիասթափված է, որ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին կրկին 24 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսում, իսկ Արցախին ընդհանրապես որևէ աջակցություն չկա: Սա սխալ ազդակ է, ասում է հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Նկատի առնելով, որ նախագահն ինքը ստորագրել է 2022-ի համար 45 միլիոն դոլարի օժանդակություն դեպի Հայաստան, հստակորեն սխալ ազդանշան է տվել թե՛ Հայաստանի կառավարությանը, թե՛ իրականության մեջ Ադրբեջանի կառավարությանը, որովհետև այստեղ կտեսնենք շարունակությունը 2020-ի պատերազմին, կտեսնենք մինչև օրս, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հարձակողական դիրքերը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Չուլջյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Սպիտակ տանն ու Կոնգրեսին առնվազն կրկնապատկել Հայաստանի համար նախատեսվող օգնությունը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի։ Եվս 50 միլիոն դոլար էլ Հայ դատն առաջարկում է տրամադրել Արցախին՝ վերջին պատերազմի ու Ադրբեջանի էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հազարավոր մարդկանց օգնելու համար։

«Այստեղ տեսնում ենք, որ ամերիկյան կառավարությունը կարևոր դեր պետք է խաղա Արցախի՛ օժանդակությունը հասցնելու նախ և առաջ․ 50 միլիոնի օժանդակություն դեպի Արցախ, և սա՝ որպեսզի կարողանան այն 100 հազարը, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների բերմամբ ստիպված եղան մեկնել, որ կարողանան վերահաստատվել իրենց մայրենի հողի վրա։ Բացի այս, պետք է շարունակենք կոչ ուղղել, որ նաև 50 միլիոն գնա դեպի Հայաստան, որպեսզի կարողանանք այստեղ պետք եղած աշխատանքները տարվեն», - նշեց Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Համեմատության համար պետք է նշել, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախագահ Բայդենը Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Բայց խնդիրն այն է, որ այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետը:

Հայ դատի հանձնախումբը պահանջում է, որ Ադրբեջանին ընդհանրապես որևէ աջակցություն չտրվի: «Անշուշտ, շատ կարևոր է, որ ամերիկյան կառավարությունը ջնջի որևէ ռազմական օժանդակություն դեպի Ադրբեջան։ Հստակ է, որ Ալիևի կառավարությունը ամեն քայլափոխին շարունակում է իր հարձակողական դիրքը, շարունակում է փորձել ոչնչացնել Արցախը, և այստեղ ամերիկյան կառավարությունը կարևոր դեր պետք է խաղա՝ ասելու, որ առնվազն մեր՝ ամերիկյան ռազմական գումարները չպետք է որևէ ձևով օգտագործելի դառնան Ադրբեջանի կառավարության համար, որ շարունակեն իրենց այս հարձակողական դիրքը Հայաստանի և Արցախի հանդեպ», - ընդգծեց Չուլջյանը։

Ի դեպ, Բայդենի վարչակազմը նույնչափ՝ 24 միլիոն դոլար էր նախատեսել նաև այս տարվա համար, սակայն Կոնգրեսն ի վերջո այդ գումարը կրկնապատկել էր՝ հասցնելով 45 միլիոն դոլարի։ Բացի այդ, օրենսդիրները նաև 2 միլիոն դոլար էին հատկացրել էր Արցախին՝ ականազերծման համար։ Հայ դատի հանձնախումբը, ըստ Էլիզաբեթ Չուլջյանի, այս տարի ևս ջանքեր է գործադրում, որպեսզի Կոնգրեսը վերանայի Սպիտակ տան առաջարկները՝ հօգուտ Հայաստանի և Արցախի։

«Պատմությունը ցույց է տվել, որ երբ որ Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայ գաղութը ձեռք ձեռքի տված շարունակենք աշխատանքները Կոնգրեսում՝ ընդլայնելու այս գումարները, վերջին տարիների ընթացքում միշտ տեսել ենք, որ այդ գումարները բարձրացել են։ Եվ շարունակելու ենք այդ աշխատանքը տանել այս անգամ ևս՝ ոչ միայն Հայաստանի գումարները բարձրացնելու, այլև վստահեցնելու, որ Արցախ կհասնի այն տեսակի օժանդակությունը, որ պետք է հասնի՝ օժանդակելու այդ հարյուր հազարից ավելի մարդկանց, որոնք տեղահան եղան Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումների պատճառով», - հայտարարեց Հայ դատի հանձնախմբի խոսնակը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG