Ուկրաինայի հետ սահմանակցող Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ այսօր առավոտյան ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են շրջան:
Անվտանգության դաշնային ծառայությունը փոխանցել է, որ «այս պահին սահմանամերձ շրջանում ընթանում է սահմանախախտներին վնասազերծելու գործողությունը»:
Բոգոմազի փոխանցմամբ, «դիվերսանտները հայտնվել են Բրյանսկի շրջանի Կլիմովսկի ենթաշրջանի Լյուբեչանե գյուղի տարածքում»:
Նահանգապետն ասել է, որ ուկրաինացիները կրակ են բացել մի ավտոմեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, մի երեխա վիրավորվել է: Սուշանի գյուղն էլ ԱԹՍ-ի գրոհի է ենթարկվել:
Այլ մանրամասներ Բրյանսկի շրջանից դեռ չկան:
«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ այս պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։
Մոսկվան հաստատել է, որ վաղը նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարելու: