Մատչելիության հղումներ

Անցած գիշերը պայթյուններ են լսվել բռնակցված Ղրիմի մի քանի բնակավայրերի մոտ


Կոլոմնա քաղաքի մոտ ընկած անօդաչու թռչող սարքը
Կոլոմնա քաղաքի մոտ ընկած անօդաչու թռչող սարքը

Telegram ալիքներն այսօր հայտնել են, որ գիշերը պայթյուններ են լսվել բռնակցված Ղրիմի Չեռնոմորսկոյե և Մոլոչնոյե գյուղերի մոտ, ինչպես նաև Սակիում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հետ է մղել ուկարինական անօդաչուների հարձակումը:

Ռազմաճակատում իրավիճակը էապես չի փոխվել

Ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ մի քանի ուղղություններով։ Հատկապես բարդ է ուկրաինական կողմի համար իրավիճակը Բախմուտի մոտ: «Ռոյթերզ»-ին հաջողվել է լինել քաղաքում, թղթակիցները հաղոդում են, որ ռուսական կողմին չի հաջողվել ամբողովին շրջափակել քաղաքը, տեղում իսկապես կատաղի մարտեր են ընթանում:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսնադր Ռոդնյանսկին չի բացառել, որ Ուկրաինայի զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ռազմավարական նահանջի գնալ. - «Ռուսաստանն այժմ փորձում է շրջափակել Բախմուտը, և դրա համար նրանք մարդկանց չեն խնայում։ Մեր բանակն իհարկե դիտարկում է բոլոր տարբերակները: Առայժմ նրանք քաղաքը պահում են, բայց եթե անհրաժեշտ լինի, նրանք ռազմավարական նահանջի կգնան, քանի որ մենք չենք պատրաստվում հենց այնպես զոհաբերել մեր ողջ ժողովրդին»։

CNN-ին տված հարցազրույցում Ռոդնյանսկին ասել է, որ նահանջի որոշումը պետք է զինվորականները կայացնեն՝ հավելելով, որ Բախմուտից արևմուտք գտնվող տարածքը ամրացվել է։ Այսինքն՝ եթե ուկրաինացիները նույնիսկ որոշեն թողնել քաղաքը, դա չի նշանակի, որ ռուսները կկարողանան շատ արագ առաջ շարժվել, պնդել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով. - «Վստահ եղեք, մեր հակահարձակումը հեռու չէ»։

Ուկրաինայի նախագահն իր երեկոյան ելույթի ժամանակ ասել է, որ ամենաբարդ իրավիճակը դեռևս մնում է Բախմուտ քաղաքի շրջանում, որի համար ընթանում են կատաղի մարտեր, և ռուսական զորքերը, Զելենսկու խոսքով, այս ուղղությամբ մեծ կորուստներ են կրում. - «Ռուսաստանն ընդհանրապես չի հաշվում մարդկանց՝ նրանց ուղարկելով մշտական գրոհների մեր դիրքերի վրա: Մարտերի ինտենսիվությունը միայն աճում է: Շնորհակալ եմ բոլոր ուկրաինացի զինվորներին, ովքեր, չնայած օկուպանտի այս խելահեղ ճնշմանը, պաշտպանում են մեր դիրքերը և ոչնչացնում ռուսական բանակը»։

Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են են ենթարկվել Ռուսաստանի մի քանի շրջաններ

Ու մինչ ուկարինացի զինվորականները դիմադրում են ռուսական ուժերին Բախմուտում, շաբաթասկզբին պատերազմի ձայնը լսելի էր դարձել ռուսաստանցիների, այդ թվում Մոսկվայի մարզի բնակիչների համար։ Երկուշաբթի և երեքշաբթի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Ռուսաստանի մի քանի շրջանների վրա ամենամեծ նման իրադարձությունն էր Ուկրաինա ռուսական ուժերի ներծուժումից ի վեր:

Հարձակման էին ենթարկվել սահմանաերձ Բելգորոդի և Բրյանսկի մարզերը, ինչպես նաև Տուապսե քաղաքի նավթի պահեստը։ Մեկ անօդաչու ընկել էր Ադիգեայում։ Երեկ առավոտյան հաղորդվեց, որ անօդաչու սարք է ընկել Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանի գազի կոմպրեսորային կայանի մոտ։ Նույն այդ պատճառով երեկ Լենինգրադի մարզում օդային տարածքը որոշ ժամանակով փակվել էր։ Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում։

Պաշտոնական Կիևը շարունակ պնդում է, թե Ռուսաստանի տարածքին չի հարվածում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Թվիթերում գրել է․ - «Ուկրաինան հարվածների չի հասցնում Ռուսաստանի տարածքին։ Ռուսաստանում աճում են խուճապի և քայքայման գործընթացները, և ենթակառուցվածքային օբյեկտների վրա անհայտ ինքնաթիռների կողմից հարձակումները դրանց դրսևորումն են»։

Լրագրողները Կրեմլի խոսնակին այսօր խնդրել են մեկնաբանել Պոդոլյակի այս հայտարարությունը։ Պեսկովը կարճ պատասխան է տվել․ - «Մենք նրան չենք հավատում»։

Չնայած պաշտոնական Կիևը հերքում է իր մասնակցությունը կատարվածին, ռազմական փորձագետները այլ կարծիք ունեն։ Միխայլո Պրիտուլան «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասում է․ - «Ուկրաինան հրթիռային երկիր է, ունի մասնագետներ, ունի տեխնոլոգիական հնարավորություններ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։ Նույնիսկ խորհրդային անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են Tu-141, Tu-143, արտադրվել են Ուկրաինայում՝ Խարկով քաղաքում։ Զարմանալի կլիներ, եթե Ուկրաինան չսկսեր անօդաչու թռչող սարքերի արտադրություն, որոնք կարող են հասնել Ռուսաստանի եվրոպական մասի գրեթե ցանկացած կետ»:

Պատերազմը, ըստ փորձագետների, նոր փուլ է մտնում։ Այս ֆոնին Դելիում մեկնարկում է «Մեծ քսանյակի» արտգործնախարարների գագաթնաժողովը, որի առանցքային թեման ուկրաինական պատերազմն է։ Ուշադրության կենտրոնում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երկուսն էլ Դելի են ժամանել մեկ օր առաջ։

XS
SM
MD
LG