Ստեփանակերտը հաստատում է, որ ադրբեջանցի մասնագետներն այցելել են Արցախի Մարտակերտի շրջանում հայկական վերահսկողության տակ գտնվող Սարսանգի ջրամբար։
Այցի մասին տեղեկությունը երեկ տարածեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Միայն այսօր Արցախի տեղեկատվական շտաբը գրառում կատարեց, որ «Ադրբեջանի Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության մասնագետները հայ մասնագետների հետ միասին դիտարկել են ջրամբարի տարածքը, ստացվել է տեղեկություն ջրի ներհոսքի ու բացթողման ժամանակացույցի վերաբերյալ»։
Ինչպես ավելի ուշ Արցախ TV-ին հայտնել էր Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, հանդիպումների շարքը սկսվել է պատերազմից անմիջապես հետո, դեռ 2021 թվականի փետրվարից, ուղղակի նախորդ անգամները չեն նկարահանվել։ Ըստ Հայրիյանի, նախաձեռնության հեղինակը ևս հայկական կողմն է, և արցախցի մասնագետներ էլ եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում. - «Հնարավոր չէ Մարտակերտի շրջանի, հենց Մարտակերտ քաղաքի գյուղնշանակության գյուղերի ոռոգումը իրականացնել առանց Ադրբեջանի հետ համապատասխան պայմանավորվածությունների։ Իրանք չեն կարող էդ Սարսանգի ջուրը օգտագործել Աղդամի շրջանում կամ մի ուրիշ տեղ՝ առանց մեր հետ համագործակցելու»։
TigranԱրցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է, որ 44-օրյա պատերազմից հետո ջրային ռեսուրսների պաշարների առումով իրավիճակ է փոխվել հենց Արցախի համար, և սա պետք է դիտարկել որպես փոխշահավետ համագործակցություն, որը Գրիգորյանը դրական է գնահատում։ Նա խոսքով, այլ բան է, որ Ադրբեջանը հիմա փորձում է քարոզչական նպատակներով շահարկել այս հանդիպումները. - «Որևի փորձեն ներկայացնել մի իրավիճակ, որ տեսեք, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունում են մեր իշխանությունը և այլն, բայց սա իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանը իրականում ևս ինչ-որ բան առաջարկում է դրա դիմաց, իհարկե, դրա մասին չի բարձրաձայնում, որովհետև դա բավականին զգայուն է Բաքվի համար։ Պարզ է չէ՞, որ այս շփումները քաղաքական հարցերի շուրջ չեն, որովհետև առաջին հերթին Բաքուն չի համաձայնում Ստեփանակերտի հետ քաղաքական երկխոսության մեջ մտնել։ Բաքուն ընդհանրապես չի ճանաչում Ստեփանակերտի սուբյեկտայնությունը։ Բայց պարզ է, որ կան մի շարք պրակտիկ հարցեր, առանց որոնց լուծելու հնարավոր չի նորմալ պայմաններ ապահովել կյանքի համար նույն Արցախի բնակչության համար»։
Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունից հետո Արցախում, բացի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումից, կարող է առաջ գալ նաև գազի և այլ ենթակառուցվածքների համատեղ օգտագործման հարցը, որի մասին Արցախի իշխանություններից որևէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց։
Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մինչ այս կայացած հանդիպումները եղել են ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։ Այնուամենայնիվ փոխադարձ նման այցերը աննախադեպ բնույթ ունեն և, ըստ քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանի, Ադրբեջանը այսպիսով փորձում է նաև արցախցիների հետ աշխատանքի որոշակի փորձ ունենալ, ինչը տարբեր նպատակներ կարող է հետապնդել. - «Ենթակառուցվածքների շուրջ խոսակցությունները, ջրամբարների շուրջ խոսակցությունները, սրանք ինչ-որ քայլեր են, որ Ադրբեջանը անում է և փորձ է հավաքում, կամ փորձ է ստեղծում տեղացիների հետ որոշակի խոսակցություն ծավալելու։ Դա կամ արվում է, որպեսզի ապացույց որպես ներկայացվի հետագայում միջազգային հանրությունը, որ տեսեք-տեսեք մենք կարողանում ենք աշխատել էս մարդկանց հետ։ Կամ իրապես Ադրբեջանը փորձում է ինչ-որ փորձ հավաքել այդ մարդկանց հետ աշխատելու ուղղությամբ։ Հակառակ կողմի վարվող քաղաքականությունն է, որը պետք է հասկանալ, և հասկանալ էդ վարվող քաղաքականության իրական նպատակները, կառուցել սեփական քաղաքականությունը և ելնել դրանից»։
Վերլուծաբանի կարծիքով, նման հարցերում Արցախի հետ ուղիղ շփումների նախադեպեր ստեղծելով Ադրբեջանը կարող է նվազեցնել Արցախում խաղաղապահների նշանակությունը։ Ըստ Քոչինյանի, Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել որ շահագրգռված չէ երկարաձգել ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը. - «Ադրբեջանը անելու է ամեն ինչ, որպեսզի մանդատի ավարտի ժամանակ, այսինքն՝ երկուս ու կես թե երեք տարի հետո, ռուսական խաղաղ կոնտինգենտը էնտեղից դուրս գա։ Դա փաստ է, ադրբեջանցիներն իրենք չեն թաքցնում, իրենք ամեն ինչ անելու են էդ ուղղությամբ։ Եվ իրենց պետք է արդեն որոշակի պատմություն ունենալ տեղացիների հետ աշխատանքի»։
Սարսանգը Արցախի խոշորագույն ջրամբարն է, որը շահագործման է հանձնվել դեռ 1976 թվականից։ Գտնվում է Ստեփանակերտից մոտ 60 կմ դեպի հյուսիս և ամբողջությամբ հայկական վերհսկողության տակ է։ Ջրատարողությունը՝ շուրջ 600 մլն խորանարդ մետր է, ապահովում է Արցախի էլեկտրաէներգիայի և ոռոգման պահանջարկի մեծ մասը։ Մինչև 44 օրյա պատերազմը Ադրբեջանը բազմիցս միջազգային հարթակներում բարձրացրել է ջրամբարի հարցը , իսկ 2016 -ին ԵԽԽՎ -ում ընդունվեց «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով բանաձև։