Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հաստատում է՝ ադրբեջանցի մասնագետներն այցելել են Սարսանգի ջրամբար


Արցախ, Սարսանգի ջրամբարը, արխիվ
Արցախ, Սարսանգի ջրամբարը, արխիվ

Ստեփանակերտը հաստատում է, որ ադրբեջանցի մասնագետներն այցելել են Արցախի Մարտակերտի շրջանում՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Սարսանգի ջրամբար։

Այդ մասին երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հաղորդել՝ նշելով՝ «Ադրբեջանի Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության մասնագետները հայ մասնագետների հետ միասին դիտարկել են ջրամբարի տարածքը, ստացվել է տեղեկություն ջրի ներհոսքի ու բացթողման ժամանակացույցի վերաբերյալ։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։

«Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG